Եթե պետք լինի, դուրս կգանք ՀԱՊԿ-ից։ Դրա մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հարցին։
«Մե՛նք կորոշենք, օտարերկրյա գործակալները չեն որոշելու՝ ինչ անել։ Մենք թույլ չենք տա, որ Լուկաշենկոն նորից դառնա մեր երաշխավորը»,- նշել է Փաշինյանը։
«Ի՞նչ է նշանակում՝ սառեցրել եք անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Չի՞ աշխատում՝ դո՛ւրս եկեք»,- հավելել է Կարապետյանը՝ կոչ անելով նախ երաշխավոր ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Դե՛, ու դուրս կգանք ՀԱՊԿ-ից։ Դուք մեզ վախեցնո՞ւմ եք։ Ո՛չ դուք եք որոշում, ո՛չ էլ ձեր հորեղբայրը։ Կորոշենք ու դուրս կգանք։ Իսկ երաշխավորը Հայաստանն է, պետությունը, բանակը»,- ընդգծել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1041026