Յուրաքանչյուր անձի վերաբերյալ մեղադրանքները պետք է որ փաստարկներ ունենան. նման փաստարկներ ներկայացված չեն, և մենք չենք կարող զանազան մեղադրանքներ հիմք ընդունելով դատապարտության ենթարկել մեր եկեղեցականներին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով նրան, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում էր մինչև 2018 թվականը տարբեր զանցանքներում, տարբեր խոտոր ճանապարհով գնալու մեջ, ինչու կաթողիկոսը չի անդրադարձել դրան։

«Եթե որևէ եկեղեցականի առնչությամբ առկա է հստակ մեղադրանք և այդ մեղադրանքը հիմնավորված է ու փաստված, բնականաբար եկեղեցին համապատասխան որոշում կայացնում է»,–ասաց նա։

Հարցին՝ եթե դատարանը կամ իրավապահ որևէ կառույց հռչակի X-ին կամ Y-ին Ամենայն հայոց կաթողիկոս, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ, Վեհափառը պատասխանեց. «Ինքնակոչ անձ պիտի լինի։ Նա կլինի այդ հանգամանքի մեջ անձ այն մարդու համար, ով այդպիսի որոշում է կայացրել, և մեր ժողովրդի կողմից բնականաբար այդ ընկալումը չի ունենա այդ անձը։

Ինչպես կարգալույց եղած անձին առաջնորդի հանգամանք վերապահելը որևիցե հետևանք չունի, և չի կարող ունենալ եկեղեցական մեր կյանքում, նա աշխարհիկ անձ է, և այն բոլոր որոշումները, նաև հարկադիր կատարման ծառայության կողմից վերապահված որպես իրավունք կարգալույց եղած անձին, հակասահմանադրական են, հակաօրինական են, և հակականոնական։ Դատապարտելի է, որ իշխանությունները իրենց նման իրավունք են վերապահում։

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ պետք է անի եկեղեցին, որ հունիսի 7–ից հետո մեղմվի հանրության մեջ առկա լարվածությունը, նա ասաց. «եկեղեցին շարունակելու է անշեղորեն իրականացնել իր հոգևոր առաքելությունը և մեր ժողովրդի զավակաց նկատմամբ իրականացնելու է քարոզչությունը որպեսզի լինեն սիրով միաբան համերաշխ և իրենց ջանքերը ի գործ դնեն մեր հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած դժվարին հարցերի և խնդիրների կարգավորման ի նպաստ»։

Source: https://news.am/hy/news/1040358