Խոշոր երկրաբանական բացահայտումը գիտնականներին հնարավորություն է տվել նկարագրել գետի պատմության նախկինում անհայտ մի գլուխ, որն անքակտելիորեն կապված է ամենահայտնի աստվածաշնչյան սյուժեներից մեկի հետ։

Ծննդոց գրքում Եփրատ գետը հիշատակվում է որպես Եդեմի պարտեզից՝ երկրային դրախտից բխող չորս ջրային ուղիներից մեկը, որտեղ, ըստ ավանդության, ապրել են Ադամն ու Եվան։ Չնայած Եփրատի կենտրոնական դերին աստվածաշնչյան ավանդույթում և Միջագետքի հին քաղաքակրթությունների ձևավորման մեջ, գիտնականները երկար ժամանակ չէին կարող ճշգրտորեն որոշել, թե ինչպես է հենց ծնվել այս գետը։ Տասնամյակներ շարունակ նրա ծագման վկայությունները մնացել են թաքնված նստվածքային ապարների հզոր շերտերի տակ և աղավաղվել միլիոնավոր տարիների տեկտոնական տեղաշարժերից։

Այժմ հետազոտողները հայտարարում են, որ բացահայտել են այս գաղտնիքը՝ առաջին անգամ ամբողջությամբ վերակառուցելով այդ ջրային զարկերակի հին պատմությունը։

Հետազոտողների միջազգային խումբը վերականգնել է Եփրատի անցյալը՝ կիրառելով ժամանակակից մեթոդների համալիր՝ սեյսմիկ տոմոգրաֆիա, արբանյակային դիտարկումներ, երկրաբանական քարտեզագրում և Միջերկրական ծովի տակ թաղված հատակային նստվածքների վերլուծություն։

Վերլուծությունը ցույց է տվել, որ երբևէ ներկայիս Թուրքիայի և Սիրիայի տարածքով հոսել են միմյանցից անկախ երկու հսկայական գետեր, որոնք գիտնականները անվանել են Պալեո-Կարասու (Paleo-Karasu) և Պալեո-Մուրատ (Paleo-Murat)։ Հզոր երկրաբանական գործընթացներն ի վերջո փոխել են դրանց հուները։ Մոտ 1,6 միլիոն տարի առաջ այս ջրային ուղիները միավորվել են մեկ հոսքի մեջ և ուղղվել դեպի Պարսից ծոց՝ ձևավորելով ժամանակակից Եփրատը։

Եփրատը Արևմտյան Ասիայի ամենաերկար գետն է (մոտ 3000 կմ)։ Այն հոսում է Պտղաբեր մահիկով՝ տարածաշրջանով, որը հաճախ անվանում են մարդկության օրրան, քանի որ հենց այստեղ են ձևավորվել առաջին կազմակերպված հասարակությունները։ Տիգրիսն ու Եփրատը ստեղծել են բերրի հողի օազիս չոր տարածաշրջանի մեջտեղում, ինչը շումերներին և ասորիներին օգնել է կառուցել իրենց քաղաքակրթությունները մոտ 6000 տարի առաջ։

Մինչ այժմ գետի ծագման տեսությունները կրում էին ենթադրական բնույթ։ Որոշ հետազոտողներ կարծում էին, որ Եփրատը զարգացել է մեկ առանձին գետից, որը թափվում էր անմիջապես Միջերկրական ծով կամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հին լճեր։ Մյուսները պնդում էին, որ գետի ակունքները տանում էին դեպի Արաբական թերակղզի։

Nature Geoscience ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը հնարավորություն տվեց րոպե առ րոպե (մոլորակային մասշտաբով) վերականգնել գետի էվոլյուցիան․

Ավելի քան 16,5 միլիոն տարի առաջ — մոլորակում հայտնվում է հին Պալեո-Մուրատ գետը։

8,6-ից 5,9 միլիոն տարի առաջ — ձևավորվում է Պալեո-Կարասու գետը։ Այս շրջանում երկու գետերն էլ թափվում էին միմյանց հետ թույլ կապված լճերի համակարգի մեջ՝ Հյուսիսաանատոլիական խզվածքից հարավ, դեռևս ոչ մի կապ չունենալով Եփրատի համակարգի հետ։

Մոտ 5,3 միլիոն տարի առաջ — տեղի է ունենում մասշտաբային երկրաբանական իրադարձություն, որը փոխեց ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանը (Մեսինյան աղակալման գագաթնակետ)։ Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի միջև կապը ներկայիս Ջիբրալթարի նեղուցի շրջանում արգելափակվել է, ինչի հետևանքով Միջերկրական ծովը գրեթե ամբողջությամբ ցամաքել է։

Երբ Միջերկրական ծովում ջրի մակարդակը նվազել է (գիտնականների գնահատմամբ՝ անկումը կազմել է 1,5-ից 2 կիլոմետր), այնտեղ թափվող գետերը ողջ տարածաշրջանում սկսել են կտրուկ խորանալ լանդշաֆտի մեջ՝ հարմարվելով նոր պայմաններին։ Միաժամանակ տեկտոնական ուժերը թեքել են Անատոլիական սալի որոշ հատվածներ և ակտիվացրել հին խզվածքները։ Սա կտրուկ արագացրել է հողի էրոզիան։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս դեֆորմացիաների պատճառով Անատոլիայի բարձրալեռնային շրջանների հսկայական լճերը ինչ-որ պահի ակնթարթորեն ճեղքել են իրենց բնական պատնեշները։ Սա առաջացրել է վիթխարի աղետալի ջրհեղեղներ։ Այս սուպեր-վարարումների վկայությունն են դարձել երկու զանգվածային երկրաբանական գոյացություններ՝ Հանդերեի (Handere) և Նահր-Մենաշեի (Nahr Menashe) նստվածքները։

Նմանատիպ գործընթացներ տեղի էին ունենում ողջ մակրոտարածաշրջանում։ Որպես օրինակ՝ հետազոտության հեղինակները բերում են Լիբիայի ափերի մոտ գտնվող Էոսահաբիի (Eosahabi) հսկայական հնագույն գետաբերանային հովհարաձև նստվածքային կոնը, որը նույնպես ձևավորվել է ծովի մակարդակի ծայրահեղ անկման դարաշրջանում։

Հաջորդած տեկտոնական ակտիվությունը, որը տևել է միլիոնավոր տարիներ, աստիճանաբար տեղաշարժել է Պալեո-Մուրատի և Պալեո-Կարասուի հուները միմյանց ընդառաջ, մինչև որ մոտ 1,6 միլիոն տարի առաջ դրանք վերջնականապես միավորվեցին՝ ստեղծելով այն Եփրատը, որը մարդկությունը ճանաչում է աստվածաշնչյան տեքստերից և պատմական տարեգրություններից։

Source: https://news.am/hy/news/1040230