Չեխիայի իշխանությունները թույլ չեն տա, որ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի դեմ, որպեսզի վերջինս իսրայելցիների աչքին հերոս չդառնա։ Այս մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան։
Ինչպես հաղորդում է «Bloomberg» գործակալությունը, Չեխիայի արտգործնախարարը ԵՄ գործընկերներին կոչ է արել «նույնիսկ չփորձել» պատժամիջոցներ կիրառել Բեն-Գվիրի նկատմամբ։ «Հակառակ դեպքում մենք կարգելափակենք դրանք», — ասել է Մացինկան։ Նա պարզաբանել է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությունը չպետք է քննարկվի կառույցում մինչև հոկտեմբերի վերջին կայանալիք Քնեսեթի հերթական ընտրությունները։
Չեխիայի արտգործնախարարի խոսքով՝ ԵՄ-ի կողմից Բեն-Գվիրի դեմ սահմանափակող միջոցների կիրառումը միայն կբարձրացնի Իսրայելի ընտրողների շրջանում նրա վարկանիշը։ Այս ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործչի, ինչպես նաև Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցները նրանց համաքաղաքացիների աչքին կվերածեն հերոսների և «Արևմուտքի հակասիոնիստական ինչ-որ դավադրության զոհերի», պարզաբանել է Մացինկան։ «Որքան էլ պարադոքսալ հնչի, դրանով մենք իրականում կօգնենք նրանց», — ասել է նախարարը։ Բացի այդ, ըստ նրա, ԵՄ հնարավոր պատժամիջոցները կարող են ընկալվել որպես Իսրայելի ընտրությունների հանդեպ միջամտություն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը իռլանդական RTE հեռուստաալիքին տված հարցազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն չի խստացնում պատժամիջոցներն Իսրայելի դեմ՝ այս հարցում միասնական դիրքորոշում չունենալու պատճառով։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը շուտով նոր միջոցներ կառաջարկի Իսրայելի դեմ, սակայն, իր կարծիքով, «դրանք դժվար թե հաստատվեն»։
Հունիսի սկզբին «Euractiv» լրատվական պորտալը, հղում անելով հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի փաստաթղթի նախագծին, հայտնել էր, որ Եվրոպական խորհուրդը մտադիր է գործընթաց սկսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիայի այն անդամների դեմ, որոնք կարող են ներգրավված լինել «Սումուդ» միջազգային նավատորմի ակցիայի մասնակիցների իրավունքների խախտման մեջ։ Մասնավորապես, խոսքը Բեն-Գվիրի մասին էր, որն ավելի վաղ X սոցցանցում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են իսրայելցի իրավապահները նվաստացուցիչ պայմաններում ձերբակալում «Սումուդի» ակտիվիստներին։
Source: https://news.am/hy/news/1042834