Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում, և այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը մենք դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դրա մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Երկրների միջև դեռևս կան չլուծված հարցեր»,- նշել է նա։

Արտգործնախարարը կրկին հերքել է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման նախապատրաստման մասին պնդումները։ Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունները Խորհրդային Հայաստանից ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին հեռացած ադրբեջանցիներին փախստականներ չեն ճանաչել:

«Երբ բարձրացնում են հայերի՝ Ղարաբաղ վերադարձի հարցը, ճանապարհ են բացում նրա համար, որ հակառակ կողմից հայելային կապ առաջանա»,- ընդգծել է Միրզոյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունները վերընտրվելու դեպքում չեն վերանայելու ազգային խորհրդանիշները։ «Արարատը լեռ է, որը շատ կարևոր խորհրդանշական դեր է խաղացել և խաղում մեր գիտակցության ձևավորման գործում, բայց այն մեր տարածքում չէ»,- հավելել է Միրզոյանը։

Նա կրկնել է, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոր առաջարկներ չեն եղել. առաջարկվել են տարբերակներ՝ 2016-2017 թվականների առաջարկների փոփոխություններով, որոնց հաջորդել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ։

«Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցությունները գտնվում են փակուղում, և բանակցությունների միջոցով խնդրի լուծման ուղիները սպառված են»,- ընդգծել է Միրզոյանը։

Նա վստահեցրել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների ժամանակ ՄԱԿ-ի ամբիոնից իր արած հայտարարությունների և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների միջև հակասություններ չեն եղել։

Source: https://news.am/hy/news/1040433