2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն մ³-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, հայտարարել է Ջրային կոմիտեն։

«Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։

Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն մ³-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն մ³-ով։

2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն մ³, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն մ³-ի։ 2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն մ³, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն մ³-ի։

2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից։

Վերջին 10 տարվա առավելագույն լցվածության ծավալները (մլն մ³ով)

• 2016 թ.՝ 51.63• 2017 թ.՝ 44.93• 2018 թ.՝ 32.52• 2019 թ.՝ 61.93• 2020 թ.՝ 45.59• 2021 թ.՝ 44.98• 2022 թ.՝ 49.81• 2023 թ.՝ 26.81• 2024 թ.՝ 52.86• 2025 թ.՝ 45.98• 2026 թ.՝ 87.27 (հունիսի 8-ի դրությամբ)»։

Source: https://news.am/hy/news/1042615