Ադրբեջանը Կասպից ծովում մարտական հրաձգությամբ ռազմածովային զորավարժություններ է անցկացրել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի գլխավորությամբ, հետևել է Ռազմածովային ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մանևրներում ներգրավված են եղել Ռազմածովային ուժերի, Ռազմաօդային ուժերի, Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության ստորաբաժանումները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան կառույցները։

Ըստ զորավարժությունների սցենարի՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում մշակվել են տարբեր խնդիրներ, դրանց թվում՝ պայմանական հակառակորդի ոչնչացումը և փոխգործակցությունը զորքերի այլ տեսակների ու ռազմական կազմավորումների հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակներն են հրամանատարական և անձնակազմի հմտությունների կատարելագործումը մարտական գործողությունների կազմակերպման ու ուժերի կառավարման գործում, ինչպես նաև նավերի պատրաստվածության ստուգումը մարտական առաջադրանքների կատարմանը՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ մարտավարական խմբերի կազմում։

Source: https://news.am/hy/news/1042633