Եկեղեցին միշտ էլ եթե ակնառու երևույթներ են եղել խոցելի ազգային կյանքում, հանրային կյանքում այդ խնդիրներին անդրադարձ կատարել է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հնչող մեղադրանքներին, որ Եկեղեցին պատշաճ ձևով չի անդրադարձել նախորդ իշխանությունների մեղքերին, օրինակ կոռուպցիային, և արդյոք չկա հակաեկեղեցական շարժման համար ինչ-որ օբյեկտիվ հիմք։

«Այդ հարցերի առնչությամբ անդրադարձ է եղել անձնական հանդիպումների ժամանակ, սակայն երբ նման առիթներ ալևս վերապահված չեն եկեղեցուն, Եկեղեցին հնարավորություն չունի այդ հարցերը ուղղակիորեն քննարկել երկրի իշխանավորի հետ, մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք։

Նախկին իշխանությունների շրջանին նման հարցերի անդրադարձներ եղել են, քննարկել ենք իրենց հետ, իրենց ուշադրության ենք բերել, որպեսզի այդ երևույթները շարունակություն չունենան մեր հանրային կյանքում»,–ասաց նա։

Անդրադառնալով 2024–ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից շարժում առաջնորդելուն, Կաթողիկոսն ասաց. «Բագրատ Սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ։ Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական աջ շրջանակում, և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը։ Մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։

Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը Բագրատ Սրբազանի։

Բայց այն մեղադրանքները, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում է, անհիմն են։ Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին։ Նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է։

Source: https://news.am/hy/news/1040344