Վաշինգտոնի վարչակազմը չի պնդի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ շրջանառության մեջ դնելու հարցում, եթե Կոնգրեսը հավանություն չտա այդ քայլին։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Իհարկե»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք վարչակազմը կհրաժարվի այդ պլանից, եթե Կոնգրեսը չհաստատի համապատասխան օրինագիծը։ «Մենք կգործենք օրենքի սահմաններում»,- վստահեցրել է նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեում կայացած լսումների ժամանակ։

Մայիսի վերջին Բեսենտը հաստատել էր, որ իր գերատեսչությունն արդեն մշակում է նշված թղթադրամի դիզայնը: Ինչպես նա այն ժամանակ նշել էր, դա շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել։ Նախարարը նաև փաստել էր, որ «այս պահին ամերիկյան արժույթի վրա չի կարող պատկերվել որևէ կենդանի մարդ»։ Նա հավելել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայումս քննարկվում է մի օրինագիծ, որը փոխում է այս պահանջը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Washington Post թերթը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն առաջ է մղում գործող նախագահի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ ստեղծելու գաղափարը։ Եթե դա տեղի ունենա, Թրամփը կդառնա վերջին 150 տարվա մեջ առաջին մարդը, ով իր կենդնության օրոք կհայտնվի դոլարի թղթադրամի վրա։

Source: https://news.am/hy/news/1040815