2025 թվականի հոկտեմբերին Իսպանիան օրենսդրորեն ամրագրեց իսրայելական պաշտպանական և երկակի նշանակության տեխնոլոգիաների էմբարգոն։ Այդ միջոցառումը ներկայացվեց որպես բարոյական առաջնորդության դրսևորում։
Սակայն արդեն դեկտեմբերին Մադրիդը բացառություն արեց Airbus ավիաշինական կոնցեռնի համար։ Իսրայելական արտադրության բաղադրիչներն անփոխարինելի թվացին Իսպանիայում հավաքվող ավիացիոն համակարգերի և անօդաչուների համար։ Բոյկոտը տեղի տվեց, որովհետև մատակարարումների շղթան հրաժարվեց տեղի տալ, գրում է Washington Post-ը։
«Եզրակացությունն ակնհայտ է. մամուլի հաղորդագրություններում կարելի է որքան ասես հրաժարվել իսրայելական տեխնոլոգիաներից, բայց դրանք հնարավոր չէ դուրս բերել ժամանակակից պաշտպանական հարթակից։ Իսպանիայի ամոթալի իրավիճակը նախազգուշացում է, և ԱՄՆ Կոնգրեսն այժմ հենց որոշում է՝ անսա՞լ դրան, թե՞ ոչ։
Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն հավանություն տվեց 2027 ֆինանսական տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքին (NDAA)։ Այդ օրենքի 224-րդ բաժինը պաշտոնական հիմք է ստեղծում ամերիկա-իսրայելական համատեղ «հետազոտությունների, մշակումների, թեստավորման, գնահատման, ինտեգրման և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում արդյունաբերական համագործակցության» համար։ Խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, քվանտային տեխնոլոգիաներին, ինքնավար համակարգերին, ուղղորդված էներգիային, կիբերպաշտպանությանը և կենսատեխնոլոգիաներին, ինչպես նաև հեռանկարային այլ ուղղությունների։ Այդ բաժինը ռազմավարական պատասխան է գրեթե այն ամենին, ինչում Եվրոպան այժմ սխալվում է։
Այս դրույթն արդեն ենթարկվել է մի քանի կոնգրեսականների հարձակումներին, որոնք դեմ են հանդես գալիս պաշտպանության ոլորտում ամերիկա-իսրայելական ինտեգրման խորացմանը։ Կոմիտեի անդամ Ռո Խաննան (դեմոկրատ՝ Կալիֆոռնիա նահանգից) փոփոխություն է առաջարկել օրենքից 224-րդ բաժինը հանելու վերաբերյալ, սակայն այն մերժվել է։ Այժմ, երբ օրինագիծն առաջ է շարժվում, Թոմաս Մեսին (հանրապետական՝ Քենտուկի նահանգից) խոստացել է նմանատիպ փոփոխություն դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար քվեարկությանը։
Source: https://news.am/hy/news/1042122