ԱՄՆ-ն Հայաստանի հետ չի վարվում այնպես, ինչպես կվարվեր իրավահավասար գործընկերոջ հետ։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի վերջին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից և ոչ մեկը միջազգային պայմանագիր չէ, և, հետևաբար, կողմերի համար որևէ կոնկրետ պարտավորություն չի ստեղծում։
«Եկեք մի հարց տանք՝ իրավահավասար գործընկերոջ հետ այդպե՞ս են վարվում։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը վերաբերում է իրավահավասարությանը... գործը չի սահմանափակվում սոսկ հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով ու երդումներով։ Այդ դեպքում հարաբերությունները փաստացի ձևակերպվում են միջազգային պայմանագրերով»,- ասել է Զախարովան գործակալությանը՝ պատասխանելով այդ փաստաթղթերի փաթեթին ՌԴ-ի տված գնահատականի մասին հարցին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մատնանշել է այն փաստը, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը նախկինում ևս ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր, սակայն ամերիկացիների նախորդ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել։
Source: https://news.am/hy/news/1040583