Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 53 և հարակից շենքերի բակերում ու խաղահրապարակում գարշահոտ, հակասանիտարական վիճակ է, որն անգամ կարող է համաճարակի պատճառ դառնալ։
Այսօր՝ հունիսի 3-ին, Shamshyan.com–ի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ու զայրացած ասում էին. «30 տարի է՝ էս խնդրի առջև ենք կանգնել, բայց վերջին ամիսներին էլ ավելի է իրավիճակը սրվել։ Դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը լցվում է շենքերի բակեր ու խաղահրապարակ, ու հարցի վերջնական լուծում այդպես էլ չենք տեսնում։
Դիմել ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանի աշխատակազմ, «Վեոլիա ջուր», երեկ էլ ենք անգամ դիմել «Վեոլիա ջուր», խոստացել էին, որ այսօր առավոտյան ժամը 9-ին մասնագետները կմոտենան, բայց դեռ չկան։ Ամբողջ կեղտաջուրը լցվում է ծառերի արմատների մեջ ու չգիտես՝ էդ ծառերը կմնա՞ն, թե՞ կչորանան։
Ո՛չ թաղապետից ենք գոհ, ո՛չ էլ «Վեոլիա ջրից»։ Օրերը որ ավելի տաքացան, դուռ ու լուսամուտ չենք համարձակվի բացել, էլ չենք ասում երեխաները չեն էլ կարող խաղահրապարակում խաղալ»։
Source: https://news.am/hy/news/1040607