Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը փորձում են գրավել գործարար միջավայրի վստահությունը՝ խոստանալով հարկային բեռի թեթևացում ու գայթակղիչ այլ արտոնություններ։
Մինչ իշխող ուժը փորձում է պաշտպանել ստվերի դեմ պայքարի և համատարած հայտարարագրման իր որդեգրած կուրսը, ընդդիմադիր և նորաստեղծ ուժերը հանդես են գալիս կտրուկ փոփոխությունների օրակարգով։ Քաղաքական դաշտում այսօր հստակ բախվում են երկու հիմնական մոտեցումներ՝ սոցիալական արդարության ներդրման փորձեր (օրինակ՝ պրոգրեսիվ հարկման վերականգնում) և ծայրահեղ լիբերալ առաջարկներ, որոնց առանցքում փոքր ու միջին բիզնեսին հարկերից լիակատար ազատելու կամ հարկային բեռը կտրուկ թեթևացնելու խոստումներն են։
Որո՞նք են ընտրություններին մասնակցող հիմնական ուժերի հարկային տեսլականները, ովքե՞ր են պատրաստվում «կանաչ լույս» վառել ՓՄՁ-ների համար և որքանո՞վ են այդ խոստումները տնտեսապես հաշվարկված։
NEWS.am-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հարկային ծրագրերի համեմատական պատկերը։
Քվեաթերթիկի 3-րդ համարի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել ցածր հարկերով, պարզ կանոններով, ներդրումների համար կանխատեսելի և տարածաշրջանային մրցունակ երկիր:
Ըստ ծրագրի՝ բյուջեի եկամուտները պետք է աճեն ոչ թե հարկային ճնշումների, այլ տնտեսության ընդլայնման և ստվերի կրճատման հաշվին:
Այս տեսլականին հասնելու համար առաջարկվում է կրճատել անվանական հարկերը, որպեսզի քաղաքացիների ու բիզնեսի մոտ սպառման և ներդրումների համար ավելի շատ միջոցներ մնան, իսկ դրույքաչափերը դարձնել ավելի գրավիչ, քան Վրաստանում, Մոլդովայում կամ Արևելյան Եվրոպայում է:
Փոքր և սկսնակ բիզնեսների համար նախատեսվում է սահմանել շրջանառության հարկի 0% դրույքաչափ՝ առաջնորդվելով «նախ օգնել բիզնեսին կայանալ, հետո միայն լիարժեք հարկել» սկզբունքով:
Ծրագրի կարևոր դրույթներից է ուղղակի հարկերի (եկամտահարկ և շահութահարկ) կշռի նվազեցումը և անուղղակի հարկերին ավելի մեծ դեր հատկացնելը, ինչը կխրախուսի աշխատանքն ու ներդրումները՝ կանխելով կապիտալի և որակյալ ուժի արտահոսքը: Բացի այդ, հատուկ հարկային արտոնություններ կգործեն մշակող արդյունաբերության, արտահանման և ռազմավարական ներդրումների համար, որպեսզի աշխատատեղ ու արտադրություն ստեղծողը երկրում միայն շահի:
ԱԱՀ-ի մասով նախատեսվում է, առանց անվանական դրույքաչափը բարձրացնելու, ավելացնել դրա փաստացի հավաքագրումը 2-3%-ով՝ արտոնությունների վերանայման, ստվերի կրճատման և թվային վերահսկողության միջոցով: Վերջապես, նախատեսվում է պարզեցնել հարկային օրենսդրությունը, կրճատել ստուգումներն ու բյուրոկրատական ծախսերը: Ամբողջական թվայնացմամբ հարկային մարմինների դերը պատժողից կվերածվի սպասարկողի՝ խաղի կանոնները դարձնելով հեշտ՝ բարեխիղճների, և բարդ՝ խուսափողների համար:
Քվեաթերթիկի 6-րդ համարը՝ «Միասնության թևեր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում՝ «Մանիֆեստում» առաջարկում է հարկային համակարգի արմատական վերափոխում, որի նպատակն է անցում կատարել սպառման մոդելից դեպի արտադրող և արտահանող տնտեսություն: Որպես առաջին քայլ՝ ուժը խոստանում է վերականգնել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։
«Նոր հարկային համակարգը կլինի Հայաստանի տնտեսական վերափոխման կենտրոնական հիմքում՝ նպաստելով սպառման վրա հիմնված մոդելից արտադրություն, ներդրումներ և արտահանում անցմանը։ Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․ քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։ Հարկային քաղաքականության նոր սկզբունքները կկենտրոնանան հարկային բեռի կառուցվածքային փոփոխության վրա՝ անցում անելով անուղղակի հարկերից դեպի ուղղակի հարկեր, սպառման հարկումից դեպի արտադրության ու արժեքի ստեղծման հարկում։ Այս մոտեցումը կնվազեցնի տնտեսության աղավաղումները, կմեծացնի արտադրողականությունը, կբարձրացնի մրցունակությունը՝ ուղղելով հարկային բեռը դեպի այն հարկման օբյեկտները, որոնք չեն խոչընդոտում ներդրումային և արտադրական որոշումների իրագործմանը։ Ըստ էության, հարկային համակարգը կսկսի խրախուսել ոչ թե ծախսը, այլ ստեղծված արժեքը։ Հարկային բեռի թեթևացումը արտադրության և արտահանման ոլորտներում կդառնա տնտեսական քաղաքականության առանցքային տարր։ Արդյունաբերական գոտիների համար կսահմանվի ֆիքսված տուրք՝ զբաղեցրած տարածքի (մակերեսի) դիմաց մոդելը, որը կազատի արտադրական շղթան բազմաշերտ հարկումից և կնվազեցնի ռիսկերը։ Սոցիալական արդարության պահպանումը քաղաքականության պարտադիր բաղադրիչ։ կդառնա հարկային Հարկային դիզայնի առանցքային փոփոխություններից մեկը կլինի ԱԱՀ-ի աստիճանական դուրսբերումը և դրա փոխարինումը վաճառքի հարկով։ ԱԱՀ-ը, լինելով բարդ կառուցվածքով անուղղակի հարկ, ամբողջությամբ բարդվում է սպառողի վրա, բարձրացնում է գների մակարդակը, նվազեցնում է ներքին պահանջարկը, թանկացնում է տեղական արտադրությունը և խաթարում է 31 արտահանման մրցունակությունը։ Բացի այդ, բազմաշերտ հաշվետվական համակարգը խթանում է ստվերայնությունը, որը փոքր տնտեսության համար դառնում է լուրջ խոչընդոտ։ Վաճառքի հարկը, լինելով պարզ, թափանցիկ և վարչարարական առումով էժան, դառնում է առավել նպատակահարմար։ Այն չի ազդում արտադրական շղթայի միջանկյալ փուլերի վրա և չի բարձրացնում ինքնարժեքը, ինչը լրացուցիչ խթանում է արտադրությունը և սպառումը։ ԱԱՀ-ից հրաժարման փուլային ռազմավարությունը թույլ է տալիս անցում կատարել առանց բյուջետային ցնցումների՝ պահպանելով պետական եկամուտների կայունությունը։ Ինստիտուցիոնալ մակարդակում հարկային բնագավառում վարչարարություն իրականացնող մարմինը կվերածվի կանխատեսման ու ռիսկերի կառավարման մարմնի, հարկային վարչարարությունը կդառնա ամբողջությամբ թվայնացված և ավտոմատացված, իսկ պարտադիր հայտարարագրումը կապահովի ֆիսկալ թափանցիկություն և հարկային բարոյականություն։ Ի վերջո, նոր հարկային համակարգը կդառնա տնտեսության, ինստիտուտների և սոցիալական արդարության համակցված վերափոխման հենասյուն՝ ապահովելով աճ, արդարություն, ներդրումային դիվերսիֆիկացիա, ֆիսկալ կայունություն և 32 մրցունակ արտադրական տնտեսություն։ Սա է խելացի պետության հայեցակարգի հենասյուներից մեկը»,-ասված է նախընտրական ծրագրում:
Քվեաթերթիկի 7-րդ համարը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «10 առաջարկ Հայաստանին» ծրագրում խոստանում է երկրում ապահովել բարենպաստ հարկային միջավայր: Ըստ ԲՀԿ-ի՝ հարկային ողջամիտ քաղաքականության հասնելու համար անհրաժեշտ է՝
· տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներին ազատել շրջանառության հարկից (0% հարկ),
· տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը սահմանել 1 տոկոս,
· առևտրային բիզնեսի որոշ տեսակների համար (օրինակ՝ ոսկու շուկայում) սահմանել հաստատագրված հարկեր,
Քվեաթերթիկի 8-րդ համարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հակիրճ անդրադարձել է հարկային քաղաքականությանը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության գլխում որպես առաջնահերթություն նշելով արդար հարկային համակարգի ներդրումն ու փոքր և միջին բիզնեսի խթանումը։
Քվեաթերթիկի 10-րդ համարը՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, իր նախընտրական ծրագրում առաջարկում է ներդրումային ու հարկային խրախուսման սեփական մոդելը։
Ըստ ՀԱԿ-ի՝ արտաքին արտադրողի սպասարկման մոդելից պետք է անցում կատարվի դեպի ներքին տնտեսվարողին խրախուսելու մոտեցում։ Կուսակցությունն անհրաժեշտ է համարում արմատապես բարելավել հարկային համակարգը՝ «բյուջեն լցնելու» սկզբունքից անցնելով տնտեսվարողին խրախուսելու մոդելին, ինչպես նաև ապահովել բարձր և միջին մակարդակի տեխնիկական մասնագետների ներհոսքն ու պատրաստումը։
· Ամրագրել հարկային ռեժիմի կայունությունը եռամյա հորիզոնով. հարկային բեռի ցանկացած ծանրացում ուժի մեջ կմտնի համապատասխան օրենքի ընդունումից միայն երեք տարի հետո։
· 1-5 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 մլն դոլարից ավելի ներդրածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից, ինչպես նաև շահութահարկից ազատել վերաներդրվող շահույթը։
· Կիրառել տնտեսական ակտիվությունը խրախուսող հարկային քաղաքականություն ու վարչարարություն և սահմանափակել պետության միջամտությունը բիզնեսին։
· Տնտեսական քաղաքականություն իրականացնելիս հարկաբյուջետային գործիքները նպատակաուղղել արտահանման կողմնորոշում ունեցող և բարձր տեխնոլոգիաների արտադրությանը։
· Համակարգային բարեփոխումների և եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործումից հետո միայն անցում կատարել շահութահարկի «էստոնական մոդելին»։ Սա ենթադրում է զրոյական դրույքաչափ վերաներդրվող շահույթի համար և հարկում բացառապես շահույթի բաշխման (դիվիդենտների վճարման) պահին։
· Խրախուսել Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ մասնագետների ներգաղթը և վերականգնել պրոֆտեխնիկական ուսումնարանների համակարգը։
· Կտրուկ կրճատել գույքահարկը, հատկապես վարձակալության տրված կամ ձեռնարկատիրական գործունեության համար օգտագործվող հողերի և գույքի պարագայում։
Քվեաթերթիկի 11-րդ համարը՝ «Հանրապետություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առանձին բաժնով չի անդրադառնում ընդհանուր հարկային համակարգի փոփոխություններին կամ ավանդական հարկատեսակների վերանայմանը: Փոխարենը, կուսակցությունը շեշտը դնում է նպատակային և ուղղորդված արտոնությունների վրա: Մասնավորապես, հարկային կամ տնտեսական արտոնյալ պայմանների տրամադրում նախատեսվում է միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հիմք ընդունելով ՀՀ-ԱՄՆ ստորագրված հուշագրերը: Ըստ ծրագրի՝ բացառիկ արտոնյալ պայմաններ կապահովվեն կիսահաղորդչային, տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացման համար՝ այդ ուղղություններին տալով տնտեսության զարգացման գերակա ճյուղի կարգավիճակ:
Քվեաթերթիկի 16-րդ համարը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտում է, որ հարկային կարգավորումները, մի կողմից, պետք է ապահովեն պետական եկամուտների կայունությունն ու աճը, մյուս կողմից՝ առավելագույնս կանխատեսելի միջավայր ստեղծեն տնտեսվարողների համար: Այդ նպատակին հասնելու համար, քաղաքական ուժը խոստանում է, որ 2026-2031 թվականների ժամանակահատվածում Հարկային օրենսգիրքը փոփոխության կենթարկվի տարեկան առավելագույնը մեկ անգամ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ կսկսեն այս գաղափարի իրատեսականությունը գնահատելու և Հարկային օրենսգիրքը հնարավորինս կանխատեսելի դարձնելու ուղղությամբ:
Խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին, իշխող ուժը նախատեսում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումներն ու տնտեսական թիրախները.
· ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը հասցնել մինչև 40 տոկոսի՝ 2024 թվականի 34,3 տոկոսի համեմատ, ինչպես նաև էականորեն բարձրացնել միկրոբիզնեսի շեմը:
· Ապահովել ֆիսկալ դեֆիցիտի աստիճանական նվազում՝ առավելագույնը մինչև ՀՆԱ-ի 2%-ի չափով:
· Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կայունացնել 26% մակարդակում:
· Պարտքի սպասարկման տոկոսային ծախսերը բյուջեի եկամուտներում 2025 թվականի 12,1 տոկոսից նվազեցնել առնվազն 2 տոկոսային կետով՝ ժամանակաշրջանի վերջում:
Քվեաթերթիկի 17-րդ համարը՝ «Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում առաջարկում է հարկային համակարգի արդիականացման և տնտեսության տարբեր ճյուղերի խթանմանն ուղղված համալիր քաղաքականություն: Դաշինքի նպատակն է ներդնել ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ, որը փոքր և միջին բիզնեսին հնարավորություն կտա ազատվել բարդ բյուրոկրատական քաշքշուկից՝ սահմանափակվելով արդեն ձևավորված տվյալների առցանց հաստատմամբ և խնայելով ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները:
«Հայաստան» դաշինքի ծրագրային հիմնական դրույթներն են.
· Տրամադրել հարկային արտոնություններ պետության կողմից առաջնահերթություն սահմանված արդյունաբերական ոլորտներին և ձևավորել արտահանման շուկաների լայն աշխարհագրական ցանց:
· Ներդնել բարձր տեխնոլոգիական ստարտափներին և գիտահետազոտական նախագծերին պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ որպես առաջնահերթություն դիտարկելով ռազմարդյունաբերությունն ու արհեստական բանականությունը:
· Թեթևացնել ՓՄՁ հարկային բեռը՝ իրականացնելով փոքր և միջին ձեռնարկատիրության պաշտպանվածությանն ուղղված համալիր քաղաքականություն:
· Ներդնել փոքր բիզնեսի վճարած հարկերի ամբողջական հետվերադարձի մեխանիզմներ, իսկ միջին բիզնեսի համար՝ տարբերակված հետվերադարձ՝ ըստ տարածքային և ոլորտային առաջնահերթությունների:
· Փոքր բիզնեսի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) հասցնել 20 տոկոսի:
· Վերականգնել ՓՄՁ Զարգացման աջակցության մարմինը և պետական երաշխիքների ինստիտուտը՝ ֆինանսական հասանելիության ապահովման և արտահանման խթանման գործառույթներով:
Քվեաթերթիկի 18-րդ համարը՝ «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտադրում է արդար հարկային քաղաքականության, ազատ մրցակցության և ստվերի կրճատման անհրաժեշտությունը։ Ըստ ուժի տեսլականի՝ մրցունակ տնտեսության ձևավորման հիմքում պետք է դրվեն հետևյալ սկզբունքները.
· փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի նվազեցում,
· հարկային վարչարարության պարզեցում և լիակատար թվայնացում,
· արդար և կանխատեսելի եկամտահարկի համակարգի ներդրում,
· տնտեսական և քաղաքական իշխանության կտրուկ տարանջատում,
Դաշինքն ընդգծում է, որ ստվերային տնտեսության կրճատումը պետք է իրականացվի ոչ թե ռեպրեսիվ մեթոդներով, այլ պարզ հարկային համակարգի, հավասար կանոնների և պետություն–բիզնես վստահելի գործընկերության հաստատման միջոցով։ Իսկ ստվերից դուրս բերված ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն երկրի անվտանգության, առողջապահության և սոցիալական ոլորտների կայուն զարգացմանը։
Source: https://news.am/hy/news/1040244
Armenia
0% հարկ, ԱԱՀ-ի չեղարկում, հարկերի ամբողջական հետվերադարձ. ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը բիզնեսին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։