ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին փոխանցել է այն տեխնիկայի ցանկը, որն այլևս չի նախատեսում տրամադրել դաշինքին, գրել է Welt-ը։ Փոփոխությունները կազդեն NATO Force Model համակարգի վրա․ դրա միջոցով դաշինքը նախապես որոշում է, թե ինչ ուժեր է պատրաստ կարճ ժամկետում՝ 10 օրից մինչև 6 ամիս, արագ տեղափոխել ռազմաճակատի գիծ։
Վաշինգտոնը ցանկանում է ամենից շատ կրճատել ավիացիան և նավատորմը։ ԱՄՆ-ը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչների քանակը կրճատել 99-ից մինչև 63-ի, իսկ F-15E կործանիչ-ռմբակոծիչների թիվը՝ 54-ից մինչև 36-ի։ Կրճատման տակ կհայտնվեն նաև լիցքավորող ինքնաթիռները․ KC-135-ների քանակը ԱՄՆ-ը ցանկանում է նվազեցնել 71-ից մինչև 63-ի, իսկ ամենաժամանակակից KC-46-ների բոլոր 8 միավորները հանել ցուցակից։
Կկրճատվեն նաև ծովային հետախուզական ավիացիան և անօդաչու սարքերը։ Ծովի պարեկության համար նախատեսված P-8A Poseidon ինքնաթիռների թիվը կկրճատեն 26-ից մինչև 15-ի։ ԱՄՆ-ը մտադիր է հետ վերցնել բոլոր հեռահար հետախուզական դրոնները, իսկ խոշոր MQ-9 Reaper անօդաչուների թիվը կրճատել գրեթե կրկնակի։
Բացի այդ, ՆԱՏՕ-ն կկարողանա հույս դնել միայն երկու ավիակիր հարվածային խմբերից մեկի վրա, կմնա առանց ամերիկյան սուզանավերի, որոնք կարող են թևավոր հրթիռներ արձակել, ինչպես նաև առանց ՀՕՊ-ի, ՀՀՊ-ի, հրթիռային հարվածների և նավատորմի ուղեկցման համար պատասխանատու հածանավերի ու ականակիրների միավորումների գրեթե կեսի։ Ռմբակոծիչների երկու միավորումներից կմնա մեկը։
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան և Կանադան սեփական ուժերով ավելի արագ փակեն առաջացող բացերը։ Այդ մասին ՆԱՏՕ ռազմական պլանավորողների հանդիպումից հետո ասել է Եվրոպայում դաշինքի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
ՆԱՏՕ-ում կոնկրետ թվերը պաշտոնապես չեն հաստատում։ Դաշինքի ներկայացուցիչ Էլիսոն Հարթը հայտնել է, որ նախկինում գոյություն ուներ չափազանց մեծ կախվածություն ամերիկյան զինված ուժերից, իսկ այժմ, Եվրոպայի և Կանադայի ռազմական ծախսերի աճին զուգընթաց, պատասխանատվության հավասարակշռությունը կարող է փոխվել։ Նրա խոսքով՝ դա երկարաժամկետ հեռանկարում պետք է ավելի կայուն դարձնի ՆԱՏՕ պաշտպանական ծրագրերը։ Եվրոպացիների գլխավոր խնդիրը ժամկետներն են։ Welt-ի տվյալներով՝ լրացուցիչ խորհրդակցությունները նախատեսված են հունիսի կեսերին, իսկ արդեն հուլիսի 7–8-ին Անկարայում պետք է անցկացվի ՆԱՏՕ գագաթաժողովը, որտեղ դաշնակիցները կցանկանային ներկայացնել համաձայնեցված դիրքորոշում։ Ամերիկյան ուժերին փոխարինելու վերաբերյալ որոշումներ ընդունելու համար Եվրոպային մնացել է ընդամենը մի քանի շաբաթ։
Source: https://news.am/hy/news/1041208