Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հաստատել է դպրոցներում էլեկտրոնային կապի միջոցների օգտագործման միասնական կարգը, հայտնում է Interpressnews-ը։

Փաստաթուղթը կարգավորում է ուսումնական գործընթացի ընթացքում աշակերտների կողմից բջջային հեռախոսների, սմարթֆոնների և «խելացի» ժամացույցների օգտագործման պայմանները, ծնողների հետ կապի կարգը, ինչպես նաև սարքերի պահպանման կազմակերպման վերաբերյալ դպրոցների պարտականությունները։

Հրամանի համաձայն, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դպրոցները պետք է ապահովեն աշակերտների էլեկտրոնային սարքերի պահպանման համար նախատեսված հատուկ վայրերի տեղադրումը։

Ուսումնական գործընթացի ընթացքում արգելվում է էլեկտրոնային կապի միջոցների ոչ նպատակային օգտագործումը։ Դրան է վերաբերում սարքերի միացված վիճակում պահելը, դրանք կրելը և օգտագործելը առանց լիազորված անձի թույլտվության, բացառությամբ դպրոցի ներքին կանոններով նախատեսված դեպքերի։

Սարքերի օգտագործումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ ուսումնական նպատակներով՝ դպրոցի թույլտվությամբ, բժշկական ցուցումներով, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև կրթական հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար կամ անհատական կրթական կարիքների առկայության դեպքում, որը հաստատված է փաստաթղթերով։

Ծնողների հետ հաղորդակցությունը պետք է իրականացվի դպրոցի պաշտոնապես սահմանված կապի ալիքներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, դպրոցական համակարգեր և այլն)։

Դպրոցները պարտավոր են կազմակերպել սարքերի պահպանումը, սահմանել դրանց տրամադրման և վերադարձի համար պատասխանատուներին, ինչպես նաև ուսումնական տարվա սկզբում ծնողներին ծանոթացնել նոր կանոններին։

Source: https://news.am/hy/news/1041727