Մոտ 340 հազար մարդ այցելել է Բունդեսվերի օրվա առթիվ անցկացված միջոցառումներին, որոնք շաբաթ օրը տեղի են ունեցել Գերմանիայի ողջ տարածքում գտնվող տասը ռազմական օբյեկտներում, հայտնում է DW-ն։

Երկրի զինված ուժերի տվյալներով՝ սա նոր ռեկորդ է և գրեթե 20%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Այցելուների համար բացվել էին ռազմածովային և ավիացիոն բազաներ, որտեղ զինվորականները ցուցադրում էին տեխնիկան և սպառազինությունը, անցկացնում էին ցուցադրական ելույթներ, պարաշյուտային թռիչքներ, անօդաչու սարքերի թռիչքներ և պատմում էին բանակում ծառայության հնարավորությունների մասին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այցելել է Լաագեի ավիաբազա, ուր ժամանել է երկու Eurofighter կործանիչների ուղեկցությամբ։ Փոխկանցլեր Լարս Կլինգբայլը մասնակցել է Մյունստերում անցկացված միջոցառումներին, իսկ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը այցելել է Մյունխենի մերձակայքում գտնվող Բունդեսվերի համալսարանը։

Պիստորիուսը հայտարարել է, որ ռեկորդային հաճախելիությունը վկայում է հասարակության «հսկայական հետաքրքրության» մասին զինված ուժերի նկատմամբ։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմի և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին Գերմանիայի համար կարևոր է պահպանել կայունությունն ու պատրաստ լինել անվտանգության նոր մարտահրավերներին։ Նախարարը նաև նշել է երիտասարդների հետաքրքրության աճը զինվորական ծառայության նկատմամբ։

Նրա խոսքով՝ անցյալ տարի Բունդեսվերը հավաքագրել է մոտ 25 հազար նոր զինծառայող, ինչը ավելի շատ է, քան նախորդ բազմաթիվ տարիներին։

Source: https://news.am/hy/news/1041744