Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ԵՄ-ի հետ մերձեցման պատճառով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների աճը։ Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների, մասնավորապես՝ մրգի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներկրման սահմանափակումներին։ Ֆոն դեր Լայենը Մոսկվայի այս քայլերն անվանել է «տնտեսական հարկադրանք» և ընդգծել, որ դրանք անընդունելի են։

«Ընդլայնելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես զենք քաղաքական ճնշում գործադրելու համար։ Մենք շատ լավ ծանոթ ենք այս գործելաոճին։ Ահա թե ինչու է Եվրոպան ամուր կանգնած Հայաստանի կողքին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Պաշտոնյան հայտնել է նաև ԵՄ-ի կողմից աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ աջակցությունն այսքանով չի սահմանափակվի, և քայլեր կձեռնարկվեն հայկական որոշ ապրանքների, հատկապես՝ գյուղմթերքի առևտրի դյուրացման ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1040862