Ֆարերյան կղզիների ափերը հերթական անգամ ներկվել են մուգ կարմիր գույնով՝ սև դելֆինների (գրինդ) և այլ կետանմանների ավանդական զանգվածային սպանդի պատճառով։ Սարսափելի տեսարանին, որը Հյուսիսային Ատլանտիկայի առափնյա ջրերը վերածել էր արյան ծովի, ափից հետևել են տեղացիների բազմություններ, այդ թվում՝ փոքր երեխաներ, գրում է Daily Mail-ը։

Այս դաժան որսը, որը հայտնի է որպես «գրինդադրապ» (կամ պարզապես «գրինդ»), արմատներով հասնում է վիկինգների դարաշրջան և ունի ավելի քան հազար տարվա պատմություն։

Որսի գործընթացը դարեր շարունակ չի փոխվել և ունի հետևյալ տեսքը․

Ձկնորսները նավակներով բաց ծովում գտնում են գրինդերի կամ դելֆինների երամ, շրջափակում այն և սկսում քշել դեպի ափ։

Մահու չափ ահաբեկված կենդանիներին քշում են ծանծաղուտ, որտեղ նրանք դուրս են նետվում ափ։

Ափին ձկնորսները դանակներով մորթում են անպաշտպան կաթնասուններին։

Սպանդից հետո դիակները տասնյակներով շարվում են ափամերձ հատվածում, մինչ նրանց արյունը հոսում է օվկիանոսի ալիքների մեջ, իսկ ձկնորսները կանգնած են մինչև կուրծքը ներկված ջրում։ Հետագայում սպանված կենդանիների միսն ու ենթամաշկային ճարպը անվճար բաժանվում են համայնքի անդամների միջև՝ որպես սնունդ օգտագործելու համար։

Ամեն տարի Ֆարերյան կղզիներից ստացվող սարսափազդու կադրերը ամբողջ աշխարհում խիստ քննադատության ալիք են բարձրացնում։

Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները վճռականորեն դատապարտում են այս ավանդույթը՝ այն անվանելով բարբարոսական, դաժան ու միջնադարյան ծես։ Նրանք հիշեցնում են, որ գրինդերն ու դելֆինները կարևորագույն դեր են խաղում օվկիանոսային էկոհամակարգերի պահպանման գործում։

Ֆարերյան կղզիների իշխանությունները (Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածքի) մնում են անզիջում։ Նրանք հայտարարում են, որ «գրինդադրապը» իրենց ազգային ինքնության և մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, ինչպես նաև տեղացիներին ապահովում է անվճար սննդամթերքով։ Այնքան անբաժանելի, որ ծնողները հանգիստ իրենց հետ բերում են երեխաներին, որոնք ոչ միայն դիտում են սպանդը, այլև դիպչում արյունոտ դիակներին։

Ֆարերներում այս կաթնասունների որսի պաշտոնական քվոտաներ չկան։ Փորձագետների գնահատմամբ՝ «գրինդադրապի» ընթացքում ամեն տարի սպանվում է ավելի քան հազար ծովային կենդանի։ Այսպես, անցյալ տարի ձկնորսները ոչնչացրել են 814 սովորական գրինդ և ատլանտյան սպիտակակող դելֆին։

Պոպուլյացիային հասցվող վնասը խորանում է նաև նրանով, որ կետանմանները չափազանց դանդաղ են բազմանում։ Գրինդի էգը (որոնք վայրի բնությունում ապրում են մինչև 60 տարի, իսկ արուները՝ մինչև 45) երեքից վեց տարին մեկ ծնում է ընդամենը մեկ ձագ, իսկ սերնդի խնամքին մասնակցում է ամբողջ երամը։ «Գրինդադրապի» ժամանակ ձկնորսների դանակների տակ են ընկնում ամբողջական ընտանեկան խմբեր՝ ներառյալ հղի էգերն ու ձագերը։

Source: https://news.am/hy/news/1040550