ԱՄՆ զինված ուժերը բախվել են ֆինանսավորման սուր պակասի՝ ընթացիկ պաշտպանական բյուջեով չնախատեսված ռազմական գործողությունների իրականացման ծախսերի և վառելիքի գների աճի պատճառով, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ռազմական արշավները, Հարավային Ամերիկայում գործողությունները, ԱՄՆ-ի հարավային սահմանամերձ շրջաններում իրականացվող գործողությունները, Ազգային գվարդիայի ներգրավումը, ինչպես նաև վառելիքի գների կտրուկ աճը լրացուցիչ բեռ են ստեղծել Պենտագոնի ռեսուրսների վրա և ստիպել բանակի ղեկավարությանը ընթացիկ ծախսերի վերաբերյալ «դժվար» որոշումներ ընդունել։
«Բանակը հրահանգել է հրամանատարություններին ընդունել ռեսուրսների բաշխման վերաբերյալ դժվար, բայց հիմնավորված որոշումներ, որոնք օպտիմալացնում են և առաջնահերթություն տալիս առավել կարևոր կարիքներին», - հեռուստաալիքին հայտարարել է բանակի ներկայացուցիչ, գնդապետ Մարտի Մեյներսը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ, ադմիրալ Դերիլ Քոդլը, մայիսին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ ելույթ ունենալով, հայտարարել է, որ առանց նավատորմի լրացուցիչ ֆինանսավորման, հնարավոր է՝ արդեն հուլիսին հարկ լինի որոշել, թե ինչպես կրճատել ընթացիկ գործողությունների ծախսերը։
Միևնույն ժամանակ պաշտոնատար անձինք Fox News-ին հայտնել են, որ վառելիքի գների աճը լրջորեն ազդում է զինծառայողների ռազմական պատրաստության և անձնակազմի, բեռների ու սարքավորումների տեղափոխման արժեքի վրա։
Պաշտոնական տվյալներով՝ Պենտագոնը տարեկան գնում է մոտ 80 մլն բարել վառելիք։
Source: https://news.am/hy/news/1040751