Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան «քաղաքական կամք» է դրսևորել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար։
«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համաձայնեցումից հետո մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել նախագծի մեկնարկը։ Այսպիսով՝ թյուրքական աշխարհն ու Կենտրոնական Ասիան մեզ հետ կկապվեն ավելի կարճ երթուղով»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածքում 224 կիլոմետր երկարությամբ Կարս—Իգդիր—Արալըկ—Դիլուջու երկաթգծի կառուցման մրցույթն արդեն անցկացվել է, և աշխատանքները սկսվել են։
Ուրալօղլուն հավելել է, որ ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ Նախիջևանի պակասող հատվածները դեռ կկառուցվեն։
«Մենք հետևում ենք նաև Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացներին։ Երբ այս երկաթգիծը գործարկվի, մենք շատ ավելի կարճ կապ կունենանք թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի հետ»,- հայտարարել է նախարարը։
Source: https://news.am/hy/news/1040614