ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մոտ 700 միլիոն դոլար հատկացնել երկրում ածխային էներգետիկայի զարգացմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ ստացված տեղեկությունների՝ Սպիտակ տան ղեկավարն այսօր՝ հունիսի 4-ին, պատրաստվում է հայտարարել նոր ածխային էլեկտրակայանների և արտահանման տերմինալի կառուցման համար միջոցներ տրամադրելու մասին։ Ամերիկյան վարչակազմը ցանկանում է կիրառել 1950 թվականի «Պաշտպանական արտադրության մասին» օրենքը և 425 միլիոն դոլար ուղղել ԱՄՆ-ում արդեն իսկ գործող 13 ածխային էլեկտրակայանների ֆինանսավորմանը։ Եվս մոտ 75 միլիոն դոլար նախատեսվում է ծախսել Կալիֆոռնիայում արտահանման տերմինալ ստեղծելու համար։ Բացի այդ, դրամաշնորհներ կհատկացվեն Ալյասկայում և Արևմտյան Վիրջինիայում երկու նոր ածխային էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև Մերիլենդի էլեկտրակայանի վերագործարկման համար։

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Էներգետիկ գերիշխանության ազգային խորհուրդ ստեղծելու մասին, իսկ հուլիսին՝ մեկ այլ հրամանագրով դադարեցրել էր արևային և քամու էներգետիկայի պետական սուբսիդավորումը։ Ամերիկյան կառավարության դիրքորոշման համաձայն՝ «կանաչ» էներգետիկայի ոլորտին տրամադրվող սուբսիդիաները սպառնում են ազգային անվտանգությանը, քանի որ դրանք Միացյալ Նահանգներին կախվածության մեջ են դնում ոչ բարեկամական երկրների մատակարարման շղթաներից։

Source: https://news.am/hy/news/1040765