Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին խստորեն դատապարտել է իրանցի քաղաքացիների և գերատեսչությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշումը։
Ավելի վաղ Եվրամիության ղեկավարությունը հայտարարել էր Իրանի երկու քաղաքացու, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
«Իրանի գործողություններն բացարձակապես անընդունելի են։ Որպես պատասխան՝ ԵՄ անդամ պետությունները հաստատել են պատժամիջոցներ այն իրանական կառույցների և ֆիզիկական անձանց դեմ, որոնք առնչություն ունեն Հորմուզի նեղուցով տարանցման խաթարման հետ,- հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։- Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն կիրառել է նավագնացության ազատության պաշտպանության իր նոր իրավական ռեժիմը։ Անհրաժեշտության դեպքում մենք այն նորից գործի կդնենք»։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Իրանի փոխարտգործնախարար Ղարիբաբադին Բրյուսելի գործողություններն «խարդախ մանևր» է անվանել: Նա հիշեցրել է, որ «ԵՄ անդամ պետություններն իրենք են իրանցի ժողովրդի իրավունքների գլխավոր խախտողները, իսկ Եվրամիությունը միտումնավոր լռություն է պահպանում Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ծովային շրջափակման առջև, ինչը, ըստ միջազգային իրավունքի, հավասարեցվում է պատերազմական գործողության»։
Դիվանագետն առանձնահատուկ ընդգծել է, որ Իրանը ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի անդամ չէ։ Ըստ նրա՝ իրավական այն ռեժիմը, որին Թեհրանը հետևում է Հորմուզի նեղուցում, բացառապես «խաղաղ անցման» ռեժիմն է՝ հիմնված սովորութային միջազգային իրավունքի և ափամերձ պետության ծովային անվտանգության նկատառումների խիստ պահպանման վրա։
Ղարիբաբադին ընդգծել է, որ Թեհրանը ոչ մի նշանակություն չի տալիս եվրոպական այդ «քաղաքականացված ու կեղծավոր քայլին» և կշարունակի Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության պահպանման իր ռազմավարության իրականացումը։ Նա զգուշացրել է նաև, որ «միակողմանի հարկադրանքի միջոցները նոր իրավունք չեն ստեղծում, այլ ընդհակառակը՝ միջազգային պատասխանատվություն են առաջացնում նրանց համար, ովքեր նախաձեռնում են դրանք»։
Source: https://news.am/hy/news/1042143