Մոսկվացի ներդրող Գագիկ Գուլակյանը, որը Վալերիա Ֆեդյակինայի («Բիթմամա») հետ միասին մեղադրվում է ավելի քան 5,6 մլրդ ռուբլու ապօրինի բանկային գործունեության մեջ, առաջին անգամ հանդես է եկել դատարանում և հայտարարել, որ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սխեմային, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Քննության վարկածով՝ 2023 թվականի մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գործով անցնող անձինք և չպարզված այլ անձինք՝ կազմակերպված խմբի կազմում, ապօրինի եկամուտ են ստացել ավելի քան 315 մլն ռուբլու և շուրջ 184 մլն ԱՄԷ դիրհամի չափով։ Ինքը՝ Գուլակյանը, պնդում է, որ եղել է միայն հաճախորդ և չի մասնակցել «դրամական միջոցների տեղափոխումներին», որոնց միջոցով, ինչպես կարծում է քննությունը, իրականացվել են կրիպտոարժույթի հետ կապված գործարքներ և միջոցների փոխանցումներ արտերկիր։
Դատարանում գործարարը հայտարարել է, որ նախկինում ինքն էլ «Բիթմամայի» գործով անցնում էր որպես տուժող, իսկ հիմա հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Նա պնդում է, որ զբաղվել է օրինական արտաքին տնտեսական գործունեությամբ՝ սարքավորումների ներմուծմամբ և արտահանմամբ։
«Սկզբում ինձ թալանեցին, իսկ հիմա էլ բանտարկում են»։ — դատարանում հայտարարել է Գուլակյանը՝ հավելելով, որ չի հասկանում իր կալանավորման պատճառները։
Նա նաև մերժել է քննության այն վարկածը, թե փորձել է թաքնվել արտասահմանում՝ հայտարարելով, որ Դուբայ մեկնելը կապված է եղել բնակարանից հրատապ վտարման հետ՝ տան տարհանման պատճառով, որտեղ, ըստ նրա, «դրոնը հասել էր 54-րդ հարկ»։
Գուլակյանը պատմել է, որ մշտապես ապրում և աշխատում է Ռուսաստանում, Ֆեդյակինայի հետ համագործակցությունից հետո պարտքերի մեջ է և հնարավորություն չունի թաքնվելու արտերկրում։ Նա նաև հայտնել է առողջական խնդիրների մասին և դատարանին խնդրել է խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։
Սակայն դատարանը գործարարին թողել է ՔԿՀ-ում մինչև հուլիսի 7-ը։ Պաշտպանությունը մտադիր է որոշումը բողոքարկել Մոսկվայի քաղաքային դատարանում՝ մեղադրանքները անվանելով աբսուրդային և պնդելով, որ պաշտպանյալի գործողություններում բացակայում են ապօրինի բանկային գործունեության հատկանիշները։
Source: https://news.am/hy/news/1041700