Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա օրերին կարող են սահմանվել լրացուցիչ պատժամիջոցներ իսրայելցի վերաբնակների դեմ՝ կապված անօրինական բնակավայրերի շինարարության սրման և վերաբնակների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնության աճի հետ։

Ըստ նրա, Եվրոպական միությունն արդեն անցած ամսվա վերջին պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի վերաբնակների և նրանց աջակցող կազմակերպությունների դեմ, սակայն իրավիճակը կարող է պահանջել հետագա քայլեր։

Հանդես գալով Public Sénat հեռուստաալիքի և RTL ռադիոկայանի եթերում՝ Բարոն չի հստակեցրել, թե Եվրոպայի որ երկրները կարող են միանալ նոր սահմանափակումներին։

«Մենք կարող ենք ավելի հեռու գնալ, և առաջիկա օրերին կարող են սահմանվել լրացուցիչ պատժամիջոցներ», - նշել է նա։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը լուրջ մտահոգություն է հայտնել օկուպացված Արևմտյան ափում բռնության աճի և անօրինական բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ արևմտյան մի շարք երկրներում ուժեղանում է դժգոհությունը Իսրայելի կառավարության քաղաքականությունից, որը գլխավորում է Բենիամին Նեթանյահուն։

Նախարարը նշել է, որ պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն բռնության անմիջական մասնակիցների, այլև Իսրայելում գործող այն կազմակերպությունների, ընկերությունների և կառույցների դեմ, որոնք, ինչպես պնդվում է, նպաստում են արմատական վերաբնակների գործողություններին։

Բարոն նաև հայտարարել է, որ նախորդ միջոցները ազդակ էին իսրայելական կառավարության համար՝ ստանձնելու պատասխանատվություն տեղի ունեցողի համար, քանի որ նման բռնությունը, նրա կարծիքով, խաթարում է պետության հեղինակությունը։

Ավելի վաղ յոթ խոշոր արևմտյան երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, կոչ էին արել Իսրայելին դադարեցնել բնակավայրերի ընդլայնումը և սահմանափակել վերաբնակների կողմից գործադրվող բռնությունը՝ նշելով վերջին ամիսներին Արևմտյան ափում իրավիճակի վատթարացումը։

Source: https://news.am/hy/news/1041718