Շվեդիայում պատրաստվում են անչափահաս դատապարտյալներ տեղավորել երկրի ամենամեծ բանտերից մեկում՝ Կումլայում, որտեղ 60 տարի պահվել են միայն մեծահասակներ, գրել է The Guardian-ը։
Իշխանություններն արդեն սկսել են մասնաշենքի վերազինումը՝ գնվում է նոր կահույք, խցերում դրվում են լրացուցիչ մահճակալներ, որոնք նախկինում նախատեսված էին երկու մարդու համար, ստեղծվում են ուսումնական դասարաններ, պատերը վերաներկվում են ավելի հանգիստ գույներով։ Ակնկալվում է, որ 13 տարեկանից սկսած առաջին տղա դատապարտյալները կարող են բանտում հայտնվել արդեն առաջիկա շաբաթներին։
Որոշումը կապված է Շվեդիայի խորհրդարանի ընդունած քրեական օրենսդրության բարեփոխման հետ։
Փոփոխությունների համաձայն՝ ծանր հանցագործությունների համար դատապարտված 15–17 տարեկան դեռահասները կկարողանան պատիժ կրել բանտերում, իսկ հունիսին սպասվում է քվեարկություն քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան իջեցնելու վերաբերյալ՝ առավել ծանր հանցագործությունների համար, որոնց նվազագույն պատժաչափը չորս տարուց է սկսվում։
Իշխանությունները բարեփոխումը բացատրում են կազմակերպված հանցավորության աճով և դեռահասների ներգրավմամբ հանցավոր խմբավորումների գործունեության մեջ, ներառյալ թմրանյութերի շրջանառությունը, զինված հանցագործությունները և խարդախությունը։
Կառավարության տվյալներով՝ վերջին տասնամյակում Շվեդիայում բանտարկյալների թիվը գրեթե կրկնապատկվել է, և երկիրն ընդլայնում է քրեակատարողական համակարգում տեղերի քանակը։
Նախաձեռնությունը քննադատության է արժանանում իրավապաշտպանների, իրավաբանների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Փրկենք երեխաներին» կազմակերպության։ Նրանք կարծում են, որ երեխաներին բանտերում պահելը հակասում է միջազգային չափանիշներին և կարող է բացասական հետևանքներ ունենալ նրանց զարգացման և վերասոցիալականացման համար։
Կումլայի բանտի վարչակազմը ընդունում է, որ անչափահաս դատապարտյալների հետ աշխատանքը լուրջ մարտահրավեր կլինի։ Նախատեսվում է դեռահասներին պահել մեծահասակներից առանձին՝ անհատական խցերում, ինչպես նաև ապահովել նրանց ուսուցումը վերականգնողական ծրագրերով։
Սակայն աշխատակիցների և փորձագետների մի մասը կարծում է, որ նման միջոցները չեն փոխարինի վաղ սոցիալական կանխարգելման անհրաժեշտությանը։
Source: https://news.am/hy/news/1041415