Հունիսի 1-10-ին Լատվիայի Հարավկուրզեմյան երկրամասի Նիցայի համայնքում, Յուրմալցիեմս ռազմական ավիացիայի զորավարժարանում, անցկացվում են «Baltic Zenith 2026» միջազգային զորավարժությունները, որոնց նպատակն է պատրաստել և կատարելագործել մոտ տարածության հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններն օդային թիրախների ուղղությամբ մարտական կրակ վարելու գործում, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի և Կանադայի զինված ուժերի զինծառայողները։

Զորավարժանքների ընթացքում նրանք օդային թիրախների ուղղությամբ մարտական կրակ են վարում՝ օգտագործելովRBS-70 և GROM կարճ շառավղի շարժական զենիթահրթիռային համալիրներ։

Շվեդ զինծառայողները նաև վարժանքներ են կատարում CV90 հետևակի մարտական մեքենաներով, որոնք համալրված են 40 միլիմետր ավտոմատ հրանոթներով։

RBS-70 համալիրը կիրառվում է կարևոր օբյեկտների պաշտպանության և մարտի դաշտում ստորաբաժանումների աջակցության համար, GROM համակարգը նախատեսված է մինչև 5,5 կիլոմետր հեռավորությամբ օդային թիրախներ խոցելու համար։

CV90 մարտական մեքենան օգտագործվում է անձնակազմի տեղափոխման, կրակային աջակցության և ստորաբաժանումների բարձր շարժունակությունն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով պաշտպանությունը հակառակորդի կրակից։

Զորավարժությունները նպատակ ունեն ամրապնդել դաշնակիցների միջև փոխգործակցությունն ու համատեղելիությունը, ինչպես նաև բարձրացնել համատեղ առաջադրանքներ կատարելիս որպես միասնական ստորաբաժանում գործելու կարողությունը։ Միջոցառումների շրջանակում ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Բալթիկ ծովի տարածքային ջրերում։

Օդային թիրախների ուղղությամբ մարտական կրակն իրականացվում է հունիսի 3-9-ը՝ հիմնականում ցերեկային և երեկոյան ժամերին, ինչպես նաև հունիսի 4-ի գիշերային ժամերին։ Անվտանգությունն ապահովելու համար օդային և ծովային տարածքներում սահմանվում են փակ գոտիներ։ Զորավարժարանի շրջանում նաև արձանագրվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ափամերձ գոտում՝ փոքր բարձրության վրա։

Զորավարժությունների անցկացումը համաձայնեցվել է Հարավկուրզեմյան երկրամասի տեղական իշխանությունների հետ և ուղեկցվում է բնակչության անվտանգության միջոցառումներով։

Source: https://news.am/hy/news/1041425