Ես կարծում եմ՝ ժողովրդավարությունը միշտ աշխատում է տարածաշրջանային համագործակցության համար, և ժողովրդավարությունը գործիք է տրածաշրջանային խաղաղության համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 7–ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն կունենան այս ընտրությունները տարածաշրջանի վրա։

«Ես վստահ եմ մեր տարածաշրջանային խաղաղ ապագայի վրա, որովհետեւ բարեբախտաբար մենք ունեն խաղաղություն Ադրբեջանի հետ։ Մենք ունենք շատ խորը հարաբերություններ Վրաստանի հետ։ Ես ակնկալում եմ ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներում երկաթուղին և ճանապարհները ևս կբացվեն Թուրքիայի հետ։ ԹՐԻՓՓ նախագիծը խաղի կանոնները փոխող նախագիծ է, որը շահ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին։ Սա շահավետ է և Հայաստանին, և Ադրբեջանին, և Թուրքիային, և Վրաստանին, և Իրանին»,–ասաց նա՝ հավելելով, որ ինքը Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն չի տեսնում, դա արհեստական լարվածություն է։

«Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություն ներ ստեղծել ՀՀ–ՌԴ հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Source: https://news.am/hy/news/1041523