Ըստ Zman Yisrael պարբերականի հրապարակած նոր հարցման՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չսատարող սիոնիստական կուսակցությունների դաշինքը, վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ, ինքնուրույն խորհրդարանական մեծամասնություն է ստանում, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր։

500 հարցվածների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հականեթանյահուական սիոնիստական ճամբարը կարող է ակնկալել 62 տեղ 120-տեղանոց Քնեսեթում։

Այս դաշինքի մեջ մտնում են Բենի Գանցի և Գադի Այզենկոտի կուսակցությունները։ Գանցի «Կահոլ-Լավան» («Կապույտ և սպիտակ») կուսակցությունը հաղթահարում է ընտրական շեմը և ստանում չորս մանդատ։

Այն կուսակցությունները, որոնք մտնում են Նեթանյահուի ներկա կոալիցիայի մեջ, ըստ հետազոտության, ընդհանուր առմամբ հավաքում են 50 տեղ։ Եվս ութ մանդատ ստանում են արաբական երկու կուսակցությունները՝ «Ռաամ»-ը և «Հադաշ-Թաալ»-ը։

Ամենամեծ աջակցությունը ստանում է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը՝ 23 տեղ։ Երկրորդ տեղում Նաֆթալի Բենեթի գլխավորած «Միասին» կուսակցությունն է՝ 21 մանդատով։ Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունը ստանում է 19 տեղ՝ շարունակելով կրճատել Բենեթից ունեցած հետամնացությունը որպես ընդդիմադիր ճամբարի գլխավոր ուժ։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ եթե արաբական կուսակցությունները միավորվեն միասնական ցուցակի մեջ, նրանք կկարողանան ստանալ 13 տեղ։ Այդ դեպքում հականեթանյահուական սիոնիստական դաշինքը կկրճատվի մինչև 59 մանդատի, իսկ Նեթանյահուի կողմնակիցները՝ մինչև 48-ի։

Իսրայելում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան հոկտեմբերի 27-ը, սակայն չի բացառվում դրանց անցկացումն ավելի վաղ ժամկետներում։

Source: https://news.am/hy/news/1041001