Ռումինիայի արտգործնախարարը հայտարարել է, որ մի քանի դաշնակիցներ պատրաստվում են ուժեղացնել հակաօդային պաշտպանության կարողությունները ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը, որը Բուխարեստը նույնականացրել է որպես ռուսական, բախվել է ռումինական տարածքում գտնվող բնակելի շենքին:
Օանա Տոյուն Փարիզ կատարած այցի ընթացքում նշել է, որ այս միջադեպը կարագացնի ՆԱՏՕ-ի հետ համատեղ արդեն իսկ իրականացվող ջանքերը՝ ուղղված հսկողության և արձագանքման համակարգերի ամրապնդմանը՝ շեշտը դնելով ռադարների, կործանիչ ավիացիայի և հակադրոնային տեխնոլոգիաների վրա, հաղորդում է Reuters-ը։
«Մեր գլխավոր առաջնահերթությունը կարողությունների հզորացումն է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Բուխարեստն դեռևս մինչև միջադեպն է ՆԱՏՕ-ին ներկայացրել իր կարիքների մանրամասն ցուցակը:
Այդ ծրագրերի շրջանակում դաշնակիցներն այժմ գնահատում են Ռումինիայում առկա օդային տարածքի մոնիտորինգի և ՀՕՊ համակարգերի լրացման հնարավորությունները, հատկապես Ուկրաինայի հետ նրա 650 կիլոմետրանոց (400 մղոն) սահմանի երկայնքով։
Ըստ Տոյուի՝ ուժեղացման միջոցառումները կարող են ներառել դաշնակից երկրների կողմից լրացուցիչ միջոցների ներգրավում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի օդային տարածքի պարեկության առաքելությանը մասնակցող ինքնաթիռները, ինչպես նաև ռադարների գործողության գոտու ընդլայնումը՝ ցածր թռչող անօդաչուներին հետևելու համար։
Ֆրանսիան, որը գլխավորում է Ռումինիայում ՆԱՏՕ-ի մոտ 1400 զինվորականից բաղկացած գումարտակային տակտիկական խումբը, քննարկում է ռադիոլոկացիոն համակարգերի և օդային տարածքի մոնիտորինգի ոլորտում հետագա աջակցության հարցերը։
Միևնույն ժամանակ, մյուս դաշնակիցները, ներառյալ Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան, ազդարարել են ՀՕՊ գործողություններում իրենց ներդրումն ավելացնելու պատրաստակամության մասին, հայտնել է նախարարը։
ԱՄՆ-ը ևս զորքերի լայնածավալ տեղակայման փոխարեն կարող է, մասնավորապես, ռադիոլոկացիայի և հսկողության ոլորտում մասնագիտացված միջոցներ տրամադրել։
«Կա ընդհանուր անդրադարձ այն մասին, որ մենք պետք է ամրապնդենք արևելյան թևը, և ոչ միայն Ռումինիայում։ Այս քննարկումը մենք վարում ենք Մերձբալթյան երկրների և արևելյան թևի բոլոր պետությունների հետ»,- հայտարարել է նա։
Ռումինիայում հայտարարել են, որ այս միջոցառումները ժամանակավոր լուծում կծառայեն, քանի դեռ երկիրն իրականացնում է սեփական պաշտպանական համակարգի ավելի լայնածավալ արդիականացում։ Բուխարեստը հատկացրել է մոտ 2 միլիարդ եվրո առաջիկա տարիներին ՀՕՊ և մոնիտորինգի համակարգերի արդիականացման նպատակով, սակայն մինչ այդ Ռումինիան «ստիպված կլինի ապավինել դաշնակիցների աջակցությանը՝ առկա բացերը փակելու համար», նշել է Տոյուն։
Անցյալ շաբաթ ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը, մտնելով Ռումինիայի օդային տարածք, բախվել էր Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող Գալաց քաղաքի շենքերից մեկին, ինչի հետևանքով վիրավորվել էր երկու խաղաղ բնակիչ։ Տոյուն հայտարարել է, որ Բուխարեստը չունի ապացույցներ այս միջադեպի դիտավորության մասին, սակայն Ռումինիան այս խախտման համար լիակատար պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա։
Նա նաև հավելել է, որ Ռումինիան աշխատում է մասնավոր հատվածում անօդաչուների դեմ պայքարի նախագծերի վրա, ինչպես նաև Ուկրաինայի հետ համատեղ իրականացնում է 200 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր՝ ձեռնարկություն կառուցելու համար, որն կարտադրի հակամարտությունում ավելի ու ավելի հաճախ կիրառվող էժան դրոնների հակազդման համակարգեր։
Source: https://news.am/hy/news/1040643