Ուկրաինան շարունակում է Patriot համակարգերի հրթիռների զգալի պակաս զգալ, ինչը հանգեցնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի (ռուսական բանակի կողմից քաղաքների գնդակոծությունների ուժգնացման ֆոնին)։ Իրանի հետ պատերազմն է՛լ ավելի է սրել այս որսիչ հրթիռների դեֆիցիտը, բացի այդ, ՆԱՏՕ-ն կտրուկ կրճատել է Ուկրաինայի համար ԱՄՆ-ից դրանց գնման նպատակով հատկացվող միջոցները։ Ստեղծված իրավիճակում Վլադիմիր Զելենսկին փորձում է եվրոպական երկրների հետ հրթիռների փոխանակման նոր սխեմաներ գտնել։
Կիևի գործընկերները պարտավորվել են գրեթե 6 միլիարդ դոլար հատկացնել՝ «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ» (PURL) ծրագրի շրջանակներում, որով ՆԱՏՕ-ի անդամները նրա համար զենք են գնում ԱՄՆ-ից. այս մասին Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Սակայն, ինչպես նշում է Politico-ն, 5 միլիարդ դոլարը խոստացվել էր դեռ անցյալ տարի. սա թույլ է տալիս ենթադրել, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ին հաջողվել է պայմանավորվել ընդամենը 1 միլիարդ դոլարի հատկացման շուրջ։ Մինչդեռ Ռյուտեն այս տարվա համար նպատակ էր դրել հավաքել 12 միլիարդ դոլար։
Դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ անդամ երկրներն արդեն համաձայնել են ավելի շատ միջոցներ տրամադրել, սակայն այդ որոշումները սպասում են վերջնական հաստատմանը, որպեսզի հնարավոր լինի դրանք ներկայացնել որպես պաշտոնական թվեր։ Չնայած «մենք մի փոքր հետ ենք մնում գրաֆիկից», իրականում հատկացվել է «միլիոններով» ավելի շատ, քան Ռյուտեն կարող է հրապարակայնորեն հայտարարել, Politico-ին ասել է հարցին իրազեկ աղբյուրը։
«Գլխավոր քարտուղարը հստակ հասկացրել է, որ PURL-ի միջոցով Ուկրաինային աջակցությունը շարունակվելու է, ուստի մոտ ապագայում պետք է սպասել [ֆինանսավորման] նոր խոստումների»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Զելենսկին հայտնել է, որ PURL-ին նոր միջոցներ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է տվել վեց երկիր, սակայն [հրթիռների] «մատակարարումների տեմպերն ու դրանց ծավալները անբավարար» է անվանել։ Նրա խոսքով՝ ինքը Ռյուտեի հետ քննարկել է «լրացուցիչ միջոցառումներ»։
Բացի այդ, նախագահի խոսքով, խնդիրն այժմ ոչ միայն փողի մեջ է, այլև այն բանում, որ մատակարարումները «կտրուկ կրճատվել են» Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունից հետո։ Դրա հետևանքով Patriot ՀՕՊ համակարգերի զգալի դեֆիցիտ է առաջացել, որոնք ակտիվորեն կիրառել են նաև Պարսից ծոցի երկրները։ Իսկ Ուկրաինայում Patriot համակարգերի համար նախատեսված PAC-2 և PAC-3 հրթիռները ռուսական հրթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ որսիչներն են։
Զելենսկու փոխանցմամբ՝ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել «մի քանի երկրների» հետ՝ Patriot-ի հրթիռներ ստանալու հերթում նրանց տեղը զբաղեցնելու վերաբերյալ։ «Բայց հերթում այդ տեղը զբաղեցնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե վճարել եք պայմանագրի համար, իսկ մենք պետք է վճարենք»,- հավելել է նա։
Ըստ ամենայնի, այդ երկրներից մեկը կարող է դառնալ Գերմանիան։ Ուկրաինան դիմել է նրան՝ խնդրելով այս տարի առկա պաշարներից տրամադրել տասնյակ լրացուցիչ հրթիռներ Patriot-ի համար, Bloomberg-ին պատմել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Փոխարենը Կիևն առաջարկել է Գերմանիային փոխանցել այն հրթիռները, որոնք պետք է արտադրվեն և մատակարարվեն ապագայում։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը դիտարկում է Ուկրաինայի հարցումը և դեռ որոշում չի կայացրել, սակայն կարող է այդ մասին հայտարարել հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ կամ հենց դրա ընթացքում։
Ապրիլին Բեռլինն արդեն հայտարարել էր Ուկրաինային 4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում էր Patriot-ի առկա հրթիռների մատակարարումը և նորերի գնումը։
Source: https://news.am/hy/news/1040891