ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման երիտասարդ սերնդին անսպասելի խորհուրդ է տվել․ կյանքում հաջողության հասնելու համար երիտասարդները պետք է սովորեն համբերել անտանելի ղեկավարներին և ձանձրալի աշխատանքին։ Նրա կարծիքով՝ ակնթարթային բավարարում ստանալու ժամանակակից մշակույթը խանգարում է Z սերնդին զարգացնել այն դիմացկունությունը, որն անհրաժեշտ է ապագա առաջնորդներին։

62-ամյա Բարաք Օբամայի կինը այս հայտարարությունն արել է Արևելյան Լոնդոնում՝ իր եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ համատեղ վարած IMO փոդքաստի կենդանի ձայնագրության ժամանակ՝ SXSW London փառատոնի շրջանակում։

Ելույթ ունենալով Շորդիչի բոհեմական շրջանում գտնվող The Truman Brewery արվեստային տարածքի բեմում՝ Միշել Օբաման երիտասարդներին կոչ է արել փիլիսոփայական վերաբերվել կարիերային անհաջողություններին և դրանք ընկալել որպես անձի ձևավորման փուլ․

«Ահա թե ինչ եմ ուզում փոխանցել երիտասարդներին․ ցանկացած փորձ՝ վատ ղեկավարը, ձանձրալի օգնականի պաշտոնը, աշխատանքը, որտեղ ձեզ, ինչպես ձեզ էր թվում, չէին գնահատում, կամ երբ ձեզ ճիշտ պահին չէին տալիս ցանկալի հանձնարարությունը, այս ամենը սովորեցնում է լինել դիմացկուն։ Շատ կարևոր է սովորել անել այն, ինչ ձեզ դուր չի գալիս, և դա անել լավ»։

Օբամայի կարծիքով՝ շատ ժամանակակից երիտասարդ տղաներ ու աղջիկներ ցանկանում են զբաղվել բացառապես այն բանով, ինչի հանդեպ հակվածություն ունեն կամ ինչն իրենց մոտ միանգամից լավ է ստացվում։ Սակայն այդ իրավունքը նախ պետք է վաստակել։

Source: https://news.am/hy/news/1040541