Մեծ Բրիտանիայի խոշորագույն ռիթեյլերները վերջին ֆինանսական տարվա ընթացքում (մինչև մարտ) կրճատել են գրեթե 18 հազար աշխատատեղ, քանի որ ոլորտը բախվում է հարկերի և աշխատավարձերի աճին լեյբորիստների իշխանության գալուց հետո, հաշվարկել է Bloomberg-ը ընկերությունների հաշվետվությունների հիման վրա։
Աշխատանքից ազատումների թվով առաջատարը դարձել է Tesco Plc-ը՝ Մեծ Բրիտանիայի խոշորագույն մթերային ռիթեյլերը։ Նրա աշխատակազմը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ֆինանսական տարվա ընթացքում կրճատվել է գրեթե 5 հազար մարդով՝ չնայած 83 նոր խանութների բացմանը։
Մրցակից J Sainsbury սուպերմարկետների ցանցի, John Lewis Partnership հանրախանութների և Kingfisher-ի (B&Q ցանցի սեփականատեր) անձնակազմի միջին թվաքանակը վերջին ֆինանսական տարում կրճատվել է մոտ 3 հազար մարդով յուրաքանչյուր ընկերությունում, իսկ հագուստի և տնային ապրանքների Next խանութների և սպորտային հագուստ վաճառող JD Sports Fashion-ի դեպքում՝ 1,5 հազարով։ Գործնականում չի փոխվել միայն Marks & Spencer-ի (M&S) աշխատակիցների թիվը։
Նախորդ ֆինանսական տարում բրիտանական ռիթեյլերներն ընդլայնել էին իրենց աշխատակազմերը։
Կորուստների մասշտաբն ընդգծում է փորձագետների նախազգուշացումները, որ ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզի նախաձեռնած հարկերի բարձրացումը կփոխի ռիթեյլի կառուցվածքը, որը երկրի խոշորագույն գործատուներից մեկն է ճյուղերի մեջ։ Կառավարությունը 2025 թվականի ապրիլին բարձրացրել է աշխատավարձի հարկը՝ միաժամանակ ավելացնելով նվազագույն աշխատավարձի չափը։
«Մանրածախ առևտրով զբաղվողները զգալի ճնշման են բախվում հարկային վճարների բարձրացման, աշխատավարձային ֆոնդի աճի և շարունակվող գլոբալ անկայունության պատճառով, - հայտարարել է Բրիտանական մանրածախ առևտրի կոնսորցիումի (BRC) ղեկավար Հելեն Դիքինսոնը։ - Սա բերում է ծախսերի աճի մատակարարման ողջ շղթայում՝ ստիպելով բազմաթիվ ընկերությունների ավելի զգուշավոր մոտենալ անձնակազմի հավաքագրմանը»։
Քաղաքների կենտրոնական փողոցներում գտնվող խանութներում աշխատանքը համարվում է երիտասարդների համար կարիերա սկսելու հիմնական ուղիներից մեկը։ Սակայն ռիթեյլերները զգուշացնում են, որ հարկերի և աշխատավարձերի բարձրացումը դժվարացնում է աշխատատեղերի ստեղծումը, հատկապես ոչ լրիվ դրույքով աշխատանքի համար։
Մանրածախ ընկերությունները նաև բախվում են փաթեթավորման, վերամշակման և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ ավելի խիստ կանոնների։
«M&S-ի պատմության մեջ հազվադեպ է եղել ժամանակաշրջան, երբ կարգավորող-իրավական միջավայրն աճի և ներդրումների համար այսքան անբարենպաստ լիներ, իսկ մեր հարկային բեռն այս տարի այսքան զգալիորեն աճեր», - հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արչի Նորմանը։
Source: https://news.am/hy/news/1041181