Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կողմ է արտահայտվել Եվրամիության բյուջեի արմատական արդիականացմանը և դեմ է խոսել եվրոպական նոր պարտքերի ներգրավմանը։

«Հուսով եմ, որ այս տարի մենք Եվրոպայում կհստակեցնենք, թե հաջորդ տասնամյակի ընթացքում ուր ենք ցանկանում ուղղել եվրոպական միջոցները։ Ակնհայտ է, որ մենք 20-րդ դարի բյուջեով չենք կարողանա պատասխանել 21-րդ դարի մարտահրավերներին։ Ուստի եվրոպական բյուջեի հիմնավոր վերակառուցումն ուղղակի անհրաժեշտություն է»,- Բունդեսթագում կառավարական հայտարարությամբ հանդես գալիս ասել է Մերցը։ Միևնույն ժամանակ, նա կողմ է արտահայտվել ինքնիշխանության ապահովման, մրցունակության բարձրացման և պաշտպանության ոլորտում համատեղ ներդրումներ անելու համար ընդհանուր միջոցների օգտագործմանը։

«Ահա այն առաջնահերթությունները, որոնք մենք պետք է հստակեցնենք հենց հիմա։ Եվ հենց այդ պատճառով էլ մեզ իրապես զգալի փոփոխություններ են անհրաժեշտ բոլոր ուղղություններով՝ համեմատած այն առաջարկների հետ, որոնք այժմ գտնվում են քննարկման փուլում»,- փաստել է Գերմանիայի կանցլերը։ Բացի այդ, նրա խոսքով, եվրոպական բոլոր երկրներում հաճախ շատ կոշտ ջանքեր են գործադրվում պետական բյուջեների համախմբման ուղղությամբ։ «Մեր երկրի և մեր մայրցամաքի քաղաքացիներն արդարացիորեն ակնկալում են, որ Բրյուսելը նույնպես չափի զգացում կունենա ծախսերի և աշխատակազմի հարցում։ Եվ այս համատեքստում ինձ թույլ կտամ նաև հայտարարել, որ եվրոպական նոր պարտքերը լուծում չեն»,- ընդգծել է Մերցը։

Նա նշել է, որ չափազանց մեծ պարտքն սպառնում է ինքնիշխանությանը և սահմանափակում մանևրելու հնարավորությունները։ «Որոշ երկրներ իրենց հսկայական պարտքի պատճառով արդեն այսօր ավելի շատ գումար են ծախսում տոկոսավճարների, քան պաշտպանության վրա։ Մենք չպետք է եվրոպական բյուջեն հասցնենք այդ վիճակին։ Մենք պետք է մնանք անկախ, գործունակ և, կարճ ասած, ինքնիշխան՝ այդ թվում նաև ապագա ճգնաժամային իրավիճակների դեպքում»,- եզրափակել է Գերմանիայի կանցլերը։

Source: https://news.am/hy/news/1042811