Արդեն 20 տարի է՝ զբաղվում ենք ձկնամթերքի արտադրությամբ, վերամշակմամբ. մենք Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, մեր արտադրանքի մոտավորապես 85%-ից 90%-ը արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, ու շատ գոհ ենք եղել, նորմալ է եղել։ Հիմա քաղաքական դրդապատճառներ կան, որ ինչ-որ տեղ այս քանի օրը արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4–ին, ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արարատում ձկնաբուծությամբ զբաղվող Խաչատուր Կարապետյանը։
«Դե, մենք չգիտենք՝ ընթացքում ինչ կլինի, բայց մեզ շատ հաճելի կլինի, որ երկրորդ, երրորդ երկրի հետ աշխատենք, մանավանդ՝ Եվրոպական Միության երկրների հետ, քանի որ մեր արտադրանքը շատ որակով է, գումարած՝ մենք մի ամիս առաջ մեր լավ կազմակերպիչների հետ եղել ենք Եվրոպայի ամենամեծ ցուցահանդեսում և համոզվեցինք, որ մեր արտադրանքը իրոք մրցունակ է եվրոպական արտադրանքի հետ»,-ասաց նա։
Գործարարի խոսքով, որոշ դրդապատճառներ կան և իրենք վախենում են, որ կարող է իրենց ապրանքը Ռուսաստանից հետ գա և իրենք տուժեն։
Նա ընդգծեց, որ միայն հարցը քաղաքական է և որակի հետ կապված չէ. «Կան քաղաքական ինչ-որ հարցեր, որ մենք դրա մեջ չենք խառնվում, մենք արտադրող ենք, բայց տուժողը մենք ենք։ Բացի տուժելը, թեկուզ Ռուսաստան էլ արտահանենք, մեզ ձեռք կտա երկրորդ, երրորդ երկրի հետ աշխատենք, որովհետև մենք ունենք շատ որակով ու շատ արտադրանք և պատրաստ ենք այն արտահանել։
Մեր այս փոքր երկրում մենք ունենք մեծ քանակությամբ ձկնամթերք, մեծ քանակությամբ խավիար, որը որակով ոչ մի դեպքում չի զիջում ոչ մի երկրի արտադրանքի։ Ու շատ ուրախ կլինենք, ինձ թվում է իրենք էլ պետք է ուրախ լինեն, որ նման որակի ապրանք ունենան իրենց երկրում։
Բնական է՝ եվրոպական երկրների հետ մի քիչ դժվարություններ կան, բայց մեծ աշխատանք է տարվում, մենք լավ բարեկամներ ունենք այս ոլորտում, որոնք պատրաստ են մեզ օգնելու, որովհետև թղթաբանության, անգլերենին տիրապետելու հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Արտադրողը, բնական է, պետք է օգնողներ ունենա, և մենք այսօր տեսնում ենք, որ շատ օգնողներ ունենք, օրենքով էլ արդեն արտահանումը թույլատրվում է, մնում է այնտեղ թեթև հարցեր կարգավորել»,– ընդգծեց Խաչատուր Կարապետյանը՝ հավելելով, որ ամեն այսպիսի հանդիպումից իրենք բան են սովորում։
Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի Հայաստանին։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա է ժամանելու 10,000 ծաղիկ, որին կհետևեն այլ խմբաքանակներ։ Հայկական որոշ ապրանքների, մասնավորապես, գյուղմթերքի առևտուրը թեթևացնելու միջոցառումներ կձեռնարկվեն։
Source: https://news.am/hy/news/1040938