Սևանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բացահայտել է իշխանությունների ստերը։
Նա ընդգծել է, որ իշխանությունների հավաստիացումները, թե իրենք խաղաղության գրավականն են, սուտ են. եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, պատերազմն էլ ավելի հավանական կդառնա, իսկ արդյունքը՝ հայտնի։ Սուտ է նաև ժողովրդավարության մասին թեզը. Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է և անում է ամեն ինչ, որպեսզի երկիրը վերածի բռնապետության։ Փաշինյանը ստում է, թե Հայաստանը տանում է դեպի Եվրոպա. նա ոչ միայն չի կարող տանել դեպի Եվրոպա, այլև Թուրքիային ու Ադրբեջանին է հրավիրում Հայաստան։ Խոստանում է լուծել պատժամիջոցների հարցերը, բայց եթե մնա իշխանության, երկիրը կկանգնի նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։
Պատգամավորը դիմել է տեղական ինքնակառավարման մարմինների այն ներկայացուցիչներին, որոնք չլինելով «ՔՊ»-ի անդամ՝ ակտիվորեն աշխատում են Փաշինյանի համար, և կոչ է արել նրանց հետ կանգնել դավաճանական ճանապարհից։ Նա դիմել է նաև գործարարներին՝ հիշեցնելով, որ նրանց լռությունն ու անտարբերությունը թանկ են նստելու երկրի և տնտեսության վրա։ «Արևմտյան Հայաստանում կային խոշոր գործարարներ, ինչպես և Արցախում։ Ո՞ւր է հիմա այդ գույքը։ Մի՛ վախեցեք այս իշխանություններից, գույքը կորցնելու մտավախությունից դրդված՝ մի՛ վախեցեք հայտնել ձեր կարծիքը։ Եթե լռեք, ձեր ամբողջ գույքը թուրքերին է հասնելու»,- հիշեցրել է Սաղաթելյանը։
Source: https://news.am/hy/news/1040949