Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դրական դինամիկան և հույս հայտնում, որ այս գործընթացը կնպաստի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ Վրաստանն իր կողմից պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և կառուցողական համագործակցության ամրապնդման գործում։ «Մենք ողջունում ենք նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը»,- հավելել է Բոչորիշվիլին։

Նախարարը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հռչակագիր, որտեղ արտացոլված են փոխգործակցության հիմնական ուղղությունները։ «Վրաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապում են ռազմավարական գործընկերությունն ու բազմակողմ համագործակցությունը»,- նշել է նա։

Բոչորիշվիլին վերահաստատել է, որ Վրաստանը պատրաստակամ է նաև ապագայում նպաստել տարածաշրջանային կայունությանը։

«Մեր ընդհանուր նպատակն է մեր տարածաշրջանը վերածել համագործակցության, տնտեսական զարգացման, փոխկապակցվածության ու բարօրության տարածքի, որտեղ պետությունները կկարողանան լիարժեքորեն իրացնել առկա ներուժը և էլ ավելի խորացնել ընդհանուր շահերի վրա հիմնված գործընկերությունը»։

Source: https://news.am/hy/news/1042084