Լատվիայի ազգային զինված ուժերը (ԱԶՈՒ) մարտական պատրաստության են բերել Մերձբալթիկայում հերթապահություն իրականացնող ՆԱՏՕ-ի կործանիչները՝ Ալուկսնեի շրջանում ԱԹՍ-ների հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է LSM պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։

«Տեղեկացնում ենք Լատվիայի օդային տարածքին սպառնացող հնարավոր վտանգի մասին։ Այս պահին հավելյալ գործողություններ չեն պահանջվում։ Իրավիճակի փոփոխության դեպքում դուք ծանուցում կստանաք անհրաժեշտ քայլերի վերաբերյալ»,- ասված է ԱԶՈՒ-ի նախազգուշացման մեջ։

LSM-ի տեղեկություններով՝ տագնապը տևել է տեղական ժամանակով 04:59-ից մինչև 06:25-ը։ Քաղաքացիների հեռախոսներին հաղորդագրություն է ուղարկվել՝ երկրի օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին։

Մայիսի 7-ին Լատվիայի արևելքում՝ Ռեզեկնե քաղաքի նավթաբազայում, անօդաչուի անկման հետևանքով վնասվել էր չորս պահեստարան։ Լատվիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի փոխանցմամբ՝ նախնական տվյալները հուշում էին, որ դրանք «ուկրաինական կողմից դեպի Ռուսաստան արձակված» ԱԹՍ-ներն են եղել։ Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ Լատվիայի օդային տարածքում վեց անօդաչու է նկատվել, հավելելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ուկրաինայի զինուժը փորձել է թիրախավորել Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Source: https://news.am/hy/news/1040481