Մայիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինան ավելի շատ տարածք է հետ գրավել, քան զիջել է ռուսական զորքերին, և սա արդեն երկրորդ ամիսն անընդմեջ: Նման եզրահանգման է եկել AFP գործակալությունը՝ վերլուծելով ուկրաինական տարածքների վերահսկողության վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) կողմից։

Մայիսին Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքն ավելացել է 282 քառակուսի կիլոմետրով, իսկ ապրիլին Ուկրաինան հետ էր վերադարձրել 120 քառակուսի կիլոմետր։ Այս միտումը կարևոր է, թեև բուն փոփոխությունները մեծ չեն. Ռուսաստանը երկու ամսում կորցրել է իր գրաված տարածքների ընդամենը 0,4%-ը և շարունակում է վերահսկել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 19%-ը (ներառյալ Ղրիմն ու Լուգանսկի և Դոնեցկի մարզերի՝ դեռ 2014 թվականին գրավված հատվածները)։

Ռազմաճակատի որոշ հատվածներում ռուսական զորքերը շարունակել են առաջխաղացումը, թեև ծայրահեղ դանդաղ տեմպերով։ Սակայն այլ ուղղություններում ուկրաինական բանակը ստիպել է նրանց նահանջել. ըստ ISW-ի տվյալների՝ դա տեղի է ունեցել առաջին հերթին Դոնեցկի և Զապորոժիեի մարզերում։

ISW-ն այս կամ այն տարածքի նկատմամբ կողմերի վերահսկողության մասին եզրահանգումներ է անում՝ համադրելով հակամարտող կողմերի հայտարարություններն ու մարտիկների տարածած լուսանկարներն ու տեսանյութերը։ Ընդ որում, զգալի տարածքներ չեն վերահսկվում կողմերից և ոչ մեկի կողմից։ Բացի այդ, Ռուսաստանը լայնորեն կիրառում է փոքր խմբերով ներթափանցման մարտավարությունը, ուստի նույնիսկ այն հատվածներում, որոնք գտնվում են ուկրաինական զորքերի փաստացի վերահսկողության տակ, կարող են ներկա լինել ռուս զինվորականներ։

Source: https://news.am/hy/news/1040490