Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է լուսաբացից առաջ Սիրիկ քաղաքում և Քեշմ կղզում գտնվող ռադիոլոկացիոն կայաններին ու առափնյա հսկողության օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները՝ հայտարարելով, որ հարձակումը կոպտորեն խախտում է ապրիլի 8-ից ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմը, հայտնել է Tehran Times-ը։
Թեհրանում ընդգծել են, որ թիրախավորված օբյեկտներն օգտագործվում էին պետական սահմանների պահպանության և միջազգային նավագնացության անվտանգության ապահովման համար։
«Միացյալ Նահանգները մտադիր չէ նվազեցնել լարվածությունը։ Վաշինգտոնը լիովին պատասխանատվություն է կրում իր գործողությունների բոլոր հետևանքների համար», — նշվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ երկրի զինված ուժերը, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում, պատասխան գործողություններ են ձեռնարկել և կարողացել են խափանել հարձակվող կողմի նպատակները։
Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել տարածաշրջանի պետություններին թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումը իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև դիմել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ պահանջելով անհապաղ արձագանքել տեղի ունեցածին։
«Իրանը բոլոր ուժերով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը», — ընդգծել են Թեհրանում։
Source: https://news.am/hy/news/1041435