«Ես 2025 թվականի օգոստոսի 18-ին ասել էի, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, բայց նաև հայտարարել էի, որ խաղաղությունը խնամք է պահանջում, և մենք պետք է ճիշտ հասկանանք խաղաղության մոդելն ու ճիշտ կառավարենք խաղաղությանը սպառնացող վտանգները»։ Դրա մասին հունիսի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող ՔՊ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Այդ սպառնալիքները, իհարկե, կան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ 300 հազար ադրբեջանցիների կամ անորոշ թվով ադրբեջանցիների վերադարձի հռետորաբանությանը կամ սպառնալիքին Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջան 500 հազար հայերի վերադարձի թեմայի կառավարմամբ։
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվում է այն թեման, որ փոխադարձաբար օգտագործվեն այն տեղանունները, որոնք արձանագրված են ՄԱԿ-ի պաշտոնական աշխարհագրական և վիճակագրական ռեեստրում։
Նա հավաստիացրել է, որ իրեն նույնպես շատ տհաճ է, երբ ադրբեջանական լրատվամիջոցներում լսում կամ կարդում է «Բասարգեչարի» մասին՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Բայց ես չեմ բարձրացնում այդ հարցը, քանի որ գիտեմ, թե նրանք ինչ կպատասխանեն. «Իսկ ինչո՞ւ եք դուք այս կամ այն քաղաքն անվանում այսպես, այլ ոչ թե այնպես»»,- ընդգծել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1041330