Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ նշել է, որ Վարշավայի և Կիևի միջև պատմական հարցերի շուրջ տարաձայնություններ կան, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է անվտանգության ոլորտում գործընկերության պահպանման կարևորությունը:
Ուկրաինական կողմի, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովի և զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ Լեհաստանն ակնկալում է, որ Կիևը հաշվի կնստի իր տեսակետի հետ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) հիշատակի հավերժացմանը:
Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ Վոլինյան ողբերգության զոհերի հիշատակը Լեհաստանի համար սկզբունքային հարց է և ենթակա չէ քաղաքական առևտրի: Նրա խոսքով՝ կան պատմական սահմաններ, որոնք երբեք չպետք է անցնել:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Լեհաստանն ու Ուկրաինան շարունակում են անվտանգության ոլորտի գործընկերներ մնալ, սակայն կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն պատմական նրբանկատ թեմաների փոխադարձ ընդունման դեպքում:
1943–1944 թվականների Վոլինյան ողբերգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհ խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների շարք է։ Մի շարք պատմաբանների տվյալներով՝ այդ գործողությունների մեծ մասն իրականացվել է Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) ստորաբաժանումների կողմից՝ այդ ժամանակաշրջանի լեհ-ուկրաինական էթնոքաղաքական հակամարտության համատեքստում։
Source: https://news.am/hy/news/1041410