Իտալիայում հետաքննվում է չորս ներգաղթյալների դաժան սպանությունը, որոնց, իշխանությունների տվյալներով, ողջակիզել են երկրի հարավային Կալաբրիա տարածաշրջանի ավտոլցակայաններից մեկում, հայտնում է NBC News-ը։
Իշխանություններն այս միջադեպն արդեն որակել են որպես «զանգվածային սպանություն», և այն լայն հասարակական արձագանք է առաջացրել՝ երկրի ագրարային ոլորտում օտարերկրյա աշխատողների համակարգային շահագործման վերաբերյալ ահագնացող մեղադրանքների ֆոնին։
Ոստիկանությունը հայտնել է, որ գործով երկու կասկածյալ է ձերբակալվել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհերը եղել են աշխատանքային ներգաղթյալներ, որոնք աշխատել են այնպիսի պայմաններում, որոնք իրավապաշտպաններն ու արհմիությունները վաղուց նկարագրում են որպես հանցավոր միջնորդական ցանցերի կողմից վերահսկվող ժամանակակից հարկադիր շահագործման ձև։
Քննությունը պարզել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ մի քանի հոգի գտնվել են ավտոմեքենայի մեջ. հարձակվողներից մեկը դյուրավառ հեղուկ է լցրել տրանսպորտային միջոցի վրա և հրկիզել այն, ինչից հետո, ինչպես երևում է տարածված տեսագրություններում, տղամարդիկ արգելափակել են դռները՝ ներսում գտնվողներին զրկելով փրկվելու հնարավորությունից։ Մեկ հոգու հաջողվել է դուրս պրծնել բեռնախցիկի միջով և ողջ մնալ։
Միջադեպը կրկին ի հայտ է բերել այսպես կոչված «կապորալատո»-ի խնդիրը. դրանք անօրինական միջնորդական կառույցներ են, որոնք վերահսկում են Իտալիայի գյուղատնտեսության ոլորտում ներգաղթյալների հավաքագրումն ու աշխատանքային պայմանները։ Աշխատողները հաճախ երկիր են ժամանում բարդ ու թանկարժեք անօրինական երթուղիներով, ինչից հետո հայտնվում են լիակատար կախվածության մեջ հանցավոր բրիգադներից, որոնք վերահսկում են նրանց կացարանը, տրանսպորտը, սնունդը և աշխատավարձը։
Տեղական իշխանություններն ու փորձագետները նշում են, որ նմանատիպ սխեմաները հնարավոր են դարձել գյուղմթերք արտադրողների վրա գործադրվող տնտեսական ճնշման և ներգաղթյալների զգալի մասի համար օրինական աշխատանքի տեղավորման մեխանիզմների բացակայության համակցման պատճառով։ Դա հանգեցնում է զբաղվածության ստվերային համակարգի ձևավորմանը, որտեղ աշխատողները փաստացի զրկված են պաշտպանությունից և իրավական կարգավիճակից։
Կալաբրիա տարածաշրջանի դատախազությունը հայտարարել է, որ խոսքը «բացառիկ ծանրության» հանցագործության մասին է՝ ընդգծելով, որ այն արտացոլում է ավելի լայնածավալ խնդիր, այլ ոչ թե եզակի դեպք է։
Source: https://news.am/hy/news/1040987