Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել ոչ կալանքը փոխելով, ոչ չփոխելով։ Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։
«Ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել է, ոչ հիմա իբր թե փոխել են կալանքը։ Իմ ընկալումները ավելի են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության, և այն չարիքը, որ քաղցկեղային բջիջներով տարածված է կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Ես ահանձն եմ առել իմ պատասխանատվության մասով դա անելու և անելու եմ»,–ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով ինչու իր խափանման միջոց կալանքը հենց այս պահին փոխեցին, նա պատասխանեց. «Դա կհարցնեք դատավոր Վազգեն Ռշտունուն։ Ինքն է կայացրել այդ որոշումը։ Մենք միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար։ Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի։ Իրենք այս որոշումը կայացնելու հնարավորություն ունեին դեկտեմբերի 30–ին կայացնելու, չեն արել, հիմա են արել։ Իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Ես հիմա էլ եմ սահմանափակված վիճակում, ավելի սահմանափակված, քան կալանավայրում»։
Բագրատ Սրբազանի պաշտպաններին Տաթևիկ Սողոյանն էլ տեղեկացրեց, որ նա շփման սահմանափակում չունի, միակ սահմանափակումը վերաբերում է գործով անցնող այլ մեղադրյալների հետ շփմանը։
Սրբազանը նշեց, որ իր ընտրական իրավունքը իրացնելու վայրը Տավուշն է և պետք է մեկնի այնտեղ. «Ամսի 7–ինն հեռացրեք այս չարիքը երկրից։ Միասին կարող ենք ամեն ինչ անել»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 4–ին, Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի։
Դատարանը թույլ տվեց, որ Բագրատ Սրբազանը ինքնուրույն, առանց իրավապահների ուղեկցության գնա Իջևան և մասնակցի ընտրությանը: Տրվեց 7 ժամ ժամանակ:
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025–ի հունիսից։ Ըստ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Source: https://news.am/hy/news/1040956