Մոսկվա գետում ջրի ջերմաստիճանն այժմ կազմում է մոտ +18 աստիճան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Հիդրոմետկենտրոնում՝ հղում կատարելով մոնիթորինգի վերջին տվյալներին։

«Մոսկվա գետի ջերմաստիճանը մերձմոսկովյան Զվենիգորոդի շրջանում կազմում է +18 աստիճան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ գետի ջերմաստիճանային ցուցանիշը հավասարվել է Յալթաում և Անապայում ծովի ջրի ջերմաստիճանին։

Օդերևութաբանները չեն բացառում ջրի հետագա տաքացումը՝ հաշվի առնելով, որ հաջորդ շաբաթվա սկզբին մայրաքաղաքի տարածաշրջանում ջերմաչափի սնդիկը կարող է բարձրանալ մինչև +30 աստիճան։ Երկուշաբթի և երեքշաբթի՝ հունիսի 8-9-ին, այդ պատճառով Մոսկվայի տարածքում նույնիսկ հայտարարվել է նախավերջին՝ նարնջագույն եղանակային մակարդակ, որը նախազգուշացնում է վտանգավոր եղանակի մասին՝ տարերային աղետների հավանականությամբ և վնասի ռիսկով։

Ընթացիկ շաբաթվա վերջին ևս, մասնավորապես կիրակի՝ հունիսի 7-ին, մայրաքաղաքում օդը, վերջին կանխատեսումների համաձայն, կարող է տաքանալ մինչև +27-29, մարզում՝ +24-29 աստիճան։ Ընդ որում, ինչպես նշել են ՏԱՍՍ-ին ՌԴ Հիդրոմետկենտրոնում, տեղումներ չեն սպասվում։

Ավելի վաղ Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտնել էին շոգ եղանակի պատճառով Մոսկվա գետի և քաղաքի մյուս ջրամբարների պարեկությունն ուժեղացնելու մասին։ Փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովի խոսքով՝ տաք եղանակի պատճառով ջրի մոտ հանգստացողների թիվը բազմակի կավելանա։

«Այդ պատճառով որոշում է ընդունվել ուժեղացնել Մոսկվա գետի ջրատարածքի և ներքին ջրամբարների պարեկությունը՝ հնարավոր պատահարներն արագ հայտնաբերելու և կանխելու համար»,- ասել է Բիրյուկովը։

Մասնավորապես, քաղաքապետարանի քաղաքային տնտեսության համալիրի տվյալներով, մեգապոլիսում գործում են 26 որոնողափրկարարական կայաններ, որոնք տեղակայված են՝ հաշվի առնելով ջրային օբյեկտների առանձնահատկությունները և մարդկանց այցելելիությունը․ 14-ը՝ Մոսկվա գետի վրա, երկուսը՝ Խիմկիի ջրամբարում և 10-ը՝ ներքին ջրամբարներում։

«Ամեն օր ջրի մոտ հանգստացողների անվտանգությունն ապահովում են փրկարար ծառայության ավելի քան 80 աշխատակիցներ, շոգ եղանակի հաստատման հետ կապված՝ նրանց թիվն ավելացվել է մինչև 120 մարդ»,- նշել են համալիրում, իրենց «Մաքս» պաշտոնական ալիքի միջոցով։

Source: https://news.am/hy/news/1041440