Միջազգային ծովային կազմակերպության (International Maritime Organization) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը խստորեն դատապարտել է Օմանի ծոցի շրջանում Settebello լցանավի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով երեք հնդիկ նավաստի համարվում է անհետ կորած։

«Ես վճռականորեն դատապարտում եմ ցանկացած գործողություն, որը վտանգում է նավաստիների կյանքը և միջազգային նավագնացության անվտանգությունը։ Դա անընդունելի է»,- ասված է Միջազգային ծովային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ։

Դոմինգեսը ցավակցություն է հայտնել անձնակազմի անհետ կորած անդամների ընտանիքներին և ընդգծել, որ նավաստիների պաշտպանությունը և ծովում անվտանգության ապահովումը պետք է առաջնահերթություն մնան բոլոր կողմերի համար։

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն ևս դատապարտել էր նավի վրա կատարված հարձակումը և հայտնել, որ անձնակազմի 24 անդամներից 21-ը փրկվել են, երեքը մնում են անհետ կորած։ Միջադեպի կապակցությամբ Հնդկաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան պաշտոնական բողոք էր հայտնվել։

Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային գործառնությունների կենտրոնի (UKMTO) տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Սոհար քաղաքի մոտակայքում՝ Հորմուզի նեղուցի մուտքից ոչ հեռու, տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։

Source: https://news.am/hy/news/1042613