2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին անկանխիկ վճարումները շարունակել են պահպանել նախորդ տարվա դինամիկան՝ արձանագրելով երկնիշ աճ։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում անկանխիկ վճարումների քանակն աճել է 18%-ով, իսկ հասույթի ծավալը՝ 11%-ով։ «Հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի հարթակներում իրականացված գործարքները՝ քանակական ցուցանիշով աճը կազմել է 51%, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 31%», — հավելել է ՊԵԿ նախագահը։

Այս դինամիկային, Հակոբյանի կարծիքով, նպաստում են Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ներդրված քեշբեքի համակարգերը (այդ թվում՝ թոշակառուների համար) և էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով սահմանված որոշակի սահմանափակումները։ «Խթանող միջոցառումների շնորհիվ մարդիկ սկսել են հասկանալ, որ անկանխիկ վճարումներն ավելի հարմար են ու շահավետ, քանի որ թույլ են տալիս որոշակի հետվճարներ ստանալ և դրանք ուղղել այլ ծախսերի», — նշել է պաշտոնյան։

Էդուարդ Հակոբյանը նաև ընդգծել է, որ 2025 թվականի արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունում գործարքների ավելի քան 50%-ն իրականացվել է հենց անկանխիկ եղանակով։

Source: https://news.am/hy/news/1042862