Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի ոստիկանությունը 13 մարդ է ձերբակալել։ Նրանք կասկածվում են խարդախության միջոցով Եվրամիության գյուղատնտեսական սուբսիդիաներ ստանալու մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել եվրոպական հիմնադրամների միջոցների բաշխման շուրջ ծագած աղմկահարույց ու մասշտաբային սկանդալի քննության շրջանակներում։

Քննության տվյալներով՝ հանցավոր խումբը գործել է Ագրինիոն և Կոզանի քաղաքներում։ Չարագործները կեղծ հայտարարագրեր են ներկայացրել ագրարային դոտացիաների ձևակերպման կենտրոններին։ Պետությանը հասցված վնասը գնահատվում է ավելի քան 2,5 միլիոն եվրո։ Ձերբակալվածներից զատ, գործով անցնում է առնվազն 39 կասկածյալ։

Այս հետաքննությունն ավելի մեծ գործի մաս է, որը վերաբերում է Հունաստանի գյուղատնտեսական սուբսիդիաների պետական գործակալության` OPEKEPE-ի միջոցով հիմնադրամների բաշխման չարաշահումներին։ Չարաշահումների մեջ կասկածվում են քաղաքական գործիչներ, ֆերմերներ, ինչպես նաև հենց գործակալության աշխատակիցներ։

Եվրոպական դատախազությունը (EPPO) ավելի վաղ հայտարարել էր, որ ագրարային սուբսիդիաների հետ կապված զեղծարարության սխեմաների հետևանքով ԵՄ բյուջեին հասցված ընդհանուր վնասը կարող է գերազանցել 20 միլիոն եվրոն։ «Մենք մի քանի գործ ունենք, և դրանցից մի քանիսով ֆերմերներ են անցնում»,- դեռ մարտին նշել էր Եվրոպական դատախազության ղեկավար Լաուրա Քյովեշին։

Սկանդալը նաև քաղաքական երանգ է ստացել. ստուգումները շոշափել են իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության շուրջ 20 ներկայացուցչի շահերը, իսկ սուբսիդիաների ոլորտում կոռուպցիայի թեման շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում (2027 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին)։

Source: https://news.am/hy/news/1040563