Ընթացիկ տարում Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, տեղական ընկերություններից ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական անօդաչու թռչող սարքեր կպատվիրի, ինչը կդառնա նմանատիպ ամենախոշոր գնումը երկրի պատմության մեջ: Պատվերի մասին Reuters գործակալությանը հայտնել է կառավարության հետ համագործակցող ոլորտային պրոֆիլային ասոցիացիան։
Ծրագրերը իրականացման առաջխաղացած փուլում են, իսկ մատակարարումները սպասվում են 18–24 ամսվա ընթացքում։ Դա նշանակում է տակտիկական անօդաչուների վերջին պետական պատվերների համեմատ ֆինանսավորման ծավալների հսկայական թռիչք, որոնց գումարը կազմում էր 30 միլիարդ ռուփի (313 միլիոն ԱՄՆ դոլար). հայտնել է ասոցիացիայի նախագահ Սմիթ Շահը։
«Հաջորդ փուլում Հնդկաստանում տակտիկական դրոնների գնումների ծավալները կարող են գերազանցել 200 միլիարդ ռուփին կամ ավելի քան 2 միլիարդ դոլարը», — հայտարարել է Շահը, որի ղեկավարած Հնդկաստանի անօդաչու ավիացիայի ֆեդերացիան (Drone Federation India — DFI) ներկայացնում է ավելի քան 550 ընկերությունների շահեր և սերտորեն համագործակցում է կառավարության հետ։
Շահը հավելել է, որ նոր պատվերները կարող են անցնել պաշտպանական արագացված գնումների խողովակով, որը ստեղծվել է բանակի հրատապ օպերատիվ կարիքները բավարարելու համար, ընդ որում, մատակարարումները, հավանաբար, կպահանջվեն արդեն առաջիկա 24 ամսվա ընթացքում։
Ուշադրության կենտրոնում էժան դրոնների հարձակողական ներուժն է
Նյու Դելիի կողմից ջանքերի ակտիվացումը հաջորդել է անցյալ տարվա մայիսին իր վաղեմի հակառակորդի՝ Պակիստանի հետ տեղի ունեցած բախումներին։ Այդ ժամանակ երկու կողմերն առաջին անգամ լայնածավալ կերպով կիրառեցին անօդաչու թռչող սարքեր, ինչը ակնառու կերպով ցուցադրեց էժան գրոհային դրոնների հարձակողական ներուժը։
Ուկրաինայի և Իրանի հակամարտություններն էլ ավելի արագացրին ԱԹՍ-ների ներդրման գործընթացն ամբողջ աշխարհում, ինչը հանգեցրեց դրանց արժեքի նվազմանը և արմատապես փոխեց մարտավարությունը։
Մարտին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել մոտ 24,85 միլիարդ դոլարի տրանսպորտային ինքնաթիռների, հրթիռային համակարգերի և «հեռակառավարվող հարվածային թռչող սարքերի» գնման ծրագրին, սակայն ծախսերի մանրամասն բաշխումն այդ ժամանակ չէր ներկայացվել։
Այսօրվա դրությամբ Հնդկաստանում հաշվվում է ավելի քան 600 ընկերություններ, որոնք արտադրում են դրոններ և դրանց բաղադրիչներ, ընդ որում՝ դրանցից ավելի քան 100-ը կողմնորոշված են հենց պաշտպանական հատվածի ուղղությամբ։
Source: https://news.am/hy/news/1040640