Հայտնի է դարձել, թե ինչում է մեղադրվում Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։
Այս առնչությամբ NEWS.am–ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին. «Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն:
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:
Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։
Նշենք, որ վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։
Այս պահի դրությամբ ձերբակալվել ենՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանը։ Նրանց մեղադրում են շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործով։
Ձերբակալվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը` ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել են, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գագիկ Բեգլարյանն այսօր ձերբակալվել էր։
Source: https://news.am/hy/news/1041108