Հայաստանից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության այսօրվա՝ հունիսի 4–ի նիստում որոշում է կայացվել:

Կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։

ՀՀ տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։

2026 թվականի մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

1) ելակի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 770 դրամ,

2) լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 275 դրամ,

3) պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 400 դրամ,

4) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։

«Այս որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալները 2025 թվականին կազմել են շուրջ 72.9 մլրդ դրամ։ Արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 93.3 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ՌԴ–ի կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել այլ երկրներ արտահանելու նպատակով արտահանողներին աջակցել արտահանված արտադրանքի յուրաքանչյուր 1 կգ–ի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։

«Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները քննարկվել են արտահանողների հետ։ Քննարկումների ընթացքում վերջիններս հայտնել են, որ այլ երկրներ արտահանման դեպքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է արտահանվող յուրաքանչյուր կգ–ի համար տրամադրել որոշակի փոխհատուցում»- նշել են նախարարությունից։

Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա, իսկ ծաղիկները՝ 10 մլն հատ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։

«Պետական աջակցությունը նախատեսվում է այն տնտեսվարողներին, որոնք արտահանում են Հայաստանի ծագում ունեցող ապրանքներ՝ փոխհատուցելով ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը»,-ասված է այս որոշման մեջ։

Փոխհատուցելի ապրանքների շարքին կավելացվի նաև «մշակաբույսերի աճեցում» տնտեսական գործունեության տեսակի արտադրանքը։

Source: https://news.am/hy/news/1040793